Առաջնագծում վիրավորված զինվորներն արտերկրում կբուժվեն պետության հաշվին

Առաջնագծում վիրավորված զինվորներն արտերկրում կբուժվեն պետության հաշվին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 8-ին նիստում հավանության է արժանացրել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներին տրամադրել պետական միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը հոգալու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է:

Նախագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը և Լևոն Դոխոլյանը:

ՀՀ կառավարության համապատասխան նախագիծը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» հունիսի 18-ի ՀՕ-72-Ն օրենքով, ելնելով մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ կապված խնդիրների թիրախայնությունն ապահովելու անհրաժեշտությունից, օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն է ընձեռնվել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին:

Ըստ նախարարի՝ օրենքում կատարված փոփոխությունը նոր է ուժի մեջ մտել և դեռևս գործողության մեջ հնարավոր չէ գնահատել դրա արդյունքները:

«Ուստի, հաշվի առնելով այս, ինչպես նաև պետական միջոցների հնարավորությունները, առաջարկում ենք առայժմ այդ շրջանակում ընդգրկել միայն ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին», - ասել է Ասատրյանը:

Գործող օրենսդրության համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության տարածքում գործող բժշկական հիմնարկներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները չեն մատուցում և հետևաբար զինծառայողին, ով վնասվածք է ստացել զինվորական ծառայության ընթացքում, անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր՝ բուժման նպատակով, պետությունը որևէ պոզիտիվ պարտականություն չի կրում նրա բուժման, կացության կամ ճանապարհածախսի հատուցման մասով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---