«ՌեԱնիմանիան» երիտասարդ անիմատորների վերապատրաստման 2 կրթաթոշակ է սահմանել

«ՌեԱնիմանիան» երիտասարդ անիմատորների վերապատրաստման 2 կրթաթոշակ է սահմանել

PanARMENIAN.Net - «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը 2015թ-ին երկու 2 կրթաթոշակ է սահմանել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։ Առաջին կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2016թ. հունվարին մեկ ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Ֆրանսիա՝ Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Երկրորդ կրթաթոշակի շրջանակներում նույն դպրոցում վերապատրաստումը կտևի 1,5 ամիս և կանցկացվի 2016թ․ մայիս-հունիսին։

Ծրագիրն իրականացվում է փառատոնի, «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Անգուլեմի անիմացիոն դպրոցի համագործակցությամբ։ Առաջին կրթաթոշակով սահմանված դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա, CG 2D, 3D, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ։ Հայաստանյան մասնակիցը կմիանա մի խումբ երիտասարդ անիմատորների, որպեսզի 1 րոպե տևողությամբ անիմացիոն ֆիլմ ստեղծի. դասընթացը վարող մասնագետների վերահսկողությամբ որևէ թիմի միանալու կամ ինքնուրույն աշխատելու ընտրությունը մնում է երիտասարդի հայեցողությանը։ Երկրորդ կրթաթոշակով սահմանված դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա։

«ՌեԱնիմանիա» երիտասարդ անիմատորների վերապատրաստման դասընթացի կրթաթոշակին կարող են դիմել 18-26 տարեկան բոլոր ցանկացողները՝ լրացնելով դիմում-հայտը փառատոնի պաշտոնական կայքում։

Կրթաթոշակի համար կարող են դիմել և ուսման մեկնել բացառապես ՀՀ քաղաքացիներ և միայն «ՌեԱնիմանիա» փառատոնի միջոցով ու երաշխավորությամբ։ Ընտրված մասնակիցներից պահանջվում է իրենց հետ ունենալ անձնական համակարգիչ, դասընթացի համար անհրաժեշտ մնացած բոլոր պարագաները կտրամադրի Անգուլեմի անիմացիոն դպրոցը։ Բացի այդ, մասնակիցները պարտավորվում են հոգալ միայն իրենց մուտքի արտոնագրի և կեցության ծախսը։

Դիմումները կընդունվեն հոկտեմբերի 9-ից 25-ը ներառյալ։ «ՌեԱնիմանիա» փառատոնի ընթացքում կրթաթոշակների համար դիմած և ընտրված երիտասարդները կհանդիպեն ընտրող ժյուրիի անդամների հետ։ Նրանք պարտավոր են ներկա գտնվել փառատոնի փակման արարողությանը, որի ժամանակ էլ կհայտարարվեն կրթաթոշակին արժանացած երիտասարդ անիմատորների անունները։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակի համար մրցույթն անցկացվելու է ամեն տարի։ Կրթաթոշակին աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում տեղի կունենա 7-րդ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը։ Այս տարի փառատոնի նախընտրական ժյուրին և պատվավոր միջազգային խորհուրդն ընտրել են 184 անիմացիոն ֆիլմ, որոնք կմասնակցեն 5 մրցութային ծրագրի՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն ավարտական ֆիլմ»։ Բացի այդ, «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում կցուցադրվեն ոչ մրցութային ֆիլմեր, կներկայացվեն վավերագրական և էքսպերիմենտալ ֆիլմերի ծրագրերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» անիմացիոն ֆիլմերի ծրագիրը, ինչպես նաև պատկերապատումների ցուցահանդես (Bande dessinée)։

Ընդհանուր առմամբ, «ՌեԱնիմանիա» փառատոնն այս տարի մեկ շաբաթվա ընթացքում կցուցադրի ավելի քան 400 ֆիլմեր։ Փառատոնը կբացվի ֆրանսիական «Մունե» ֆիլմով (ռեժիսորներ՝ Ալեքսանդր Հեբոյան, Բենուա Ֆիլիպոն), իսկ փակմանը կցուցադրվի «Մարգարեն» (ռեժիսոր՝ Ռոջեր Ալերս), որի արտադրությունն իրականացրել և գլխավոր հերոսուհուն հնչյունավորել է Սալմա Հայեքը (մուտքը հրավիրատոմսերով)։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---