«Ալյանս» ավիաընկերությունը կաշխատի ՀՀ-ում 2016-ից. Պլանավորում են թռիչքներ 3 ուղղությամբ

«Ալյանս» ավիաընկերությունը կաշխատի ՀՀ-ում 2016-ից. Պլանավորում են թռիչքներ 3 ուղղությամբ

PanARMENIAN.Net - «Ալյանս» ավիաընկերությունը Հայաստանում կսկսի ավիափոխադրումներ իրականացնել 2016-ի մարտից: Այս մասին հոկտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է ընկերության հիմնադիր և տնօրեն Արարատ Սարգսյանը։

«Լիզինգի գծով ձեռք են բերվել Sukhoi Superjet — 100 (SSJ-100) երկու ինքնաթիռ, որոնք գտնվում են մերձմոսկովյան Ժուկովսկում։ Մինչև 2017-ը նախատեսվում է պարկի թիվը հասցնել մինչև 6 ինքնաթիռի։ Ավիաընկերությունը ենթադրում է թռիչքները սկսել 2016-ի մարտի 27–ից», - ասել է Սարգսյանը, հաղորդում է «Sputnik-Արմենիա»-ն:

Նրա խոսքով` ընկերության անձնակազմում արդեն 14 աշխատող կա, որոնք նախկինում (ինչպես նաև Սարգսյանը) աշխատել են «Արմավիա» ավիաընկերությունում։

«Ես երկու օր առաջ արտոնագիր եմ ստացել Քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունից (ՔԱՊՎ) և հիմա զբաղված եմ IKAO–ում անդամակցություն ձեռք բերելով` թռիչքները սկսելու հնարավորություն ունենալու համար», - հավելել է նա:

Սարգսյանը նաև նշել, որ սկզբից ընկերությունը պլանավորում է ավիափոխադրումներ իրականացնել երեք ուղղությամբ` Երևան–Մոսկվա, Երևան–Բեյրութ, Երևան–Թեհրան։

Հետագայում ավիաընկերությունը մտադիր է երթուղիներ բացել նաև Ռուսաստանի այլ քաղաքներ և Աշգաբադ։

Նրա խոսքով` Superjet–ի սպասարկումն ավելի էժան կլինի, քան Aerobus–ի, որ թույլ կտա անցկացնել ավելի ճկուն գնային քաղաքականություն։

Սարգսյանի խոսքով` ընկերությունը բացվել է 2014-ին։ Նա չի անվանել ընկերության ներդրողներին` նշելով միայն, որ նրանք Ռուսաստանից են։

2013-ին Հայաստանի կառավարությունը ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարություն հաստատեց այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշեց ապրիլի 1-ից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն 3 հայկական ավիաընկերության գործունեություն։

Ազատականացման ռազմավարությունը հաստատել է «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Դրա հաստատմամբ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել մեր երկրում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---