ԻՊ-ն սպառնում է սպանել Սիրիայում գերված ասորիներին` $12 մլն պահանջելով նրանց կյանքի դիմաց

ԻՊ-ն սպառնում է սպանել Սիրիայում գերված ասորիներին` $12 մլն պահանջելով նրանց կյանքի դիմաց

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպառնում են մահապատժի ենթարկել փետրվարի վերջում Էլ Հասակե սիրիական գավառում առևանգված 180 քրիստոնյա ասորիներին, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ասորական համայնքի ներկայացուցիչը:

«Նրանք 12 մլն դոլար են պահանջել մեր 180 մարդկանց կյանքի դիմաց»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ համայնքի ներկայացուցչի, 3 ասորի մահապատժի է ենթարկվել Կուրբան բայրամի տոնակատարության օրերին` սեպտեմբերի 24-25-ին:

Սիրիայում և Լիբանանում ասորական եկեղեցու առաջնորդները օգնության հորդորով են դիմել մյուս երկրների համայնքներին ու տարբեր միջազգային կազմակերպություններին` կոչ անելով փրկել ահաբեկիչների գերության մեջ գտնվող քրիստոնյաներին:

Փետրվարի 23-ին ԻՊ ահաբեկիչները հարձակվել են ասորական գյուղերի վրա Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ Հասակե գավառում: Նրանք առևանգել են 200-300 խաղաղ բնակչի, տասնյակ քրիստոնյաներ սպանվել են: Ըստ ասորական համայնքի ներկայացուցչի, 5 հազար մարդ ստիպված է եղել փախչել հարևան քաղաքներ, ոչնչացվել է 4 եկեղեդցի, այդ թվում Սիրիայի հնագույն եկեղեցիներից մեկը Թել Հուրմիզե ավանում: Մարտին Սիրիայի կառավարական զորքերը աշխարհազորի հետ համատեղ քրիստոնյաների 31 գյուղ ազատագրեցին երկրի հյուսիս-արևելքում: Ավելի վաղ Հայաստանի ասորիների համայնքը կոչ էր արել համաշխարհային գերտերություններին կանխել քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---