Սեպագրերի բացօթյա ցուցահանդես՝ Երևանում

Սեպագրերի բացօթյա ցուցահանդես՝ Երևանում

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում գտնվող այգում բացվել է «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցահանդեսը: Այն «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագրում ներառվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում:

Ցուցահանդեսում հանրությանն են ներկայացվել Արևմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում և այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նկատել է, որ բաց երկնքի տակ ներկայացված այս ցուցահանդեսը նաև ճանաչողական նշանակություն ունի:

«Իր տեսակի մեջ ինքնատիպ բացօթյա այս ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են Արևմտյան Հայաստանում մեր հոգածությունից ու հսկողությունից հեռու մնացած սեպագրերը, որոնք ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության արժեքն են: Խոսուն փաստ այն իրողության մասին, ըստ որի՝ Թուրքիայում ցավալիորեն չեն պահպանվում նրանցից շատ շատերը: Այստեղ են գտնվում կրկնօրինակներ այնպիսի սեպագրերի, որոնք մեր երբեմնի մայրաքաղաքներինն են՝ ազդարարում են նրանց ծնունդը, կռիվը, հաղթանակներն ու ձեռքբերումները: Մասնավորապես, ներկայացված են Ալաշկերտի, Մուշի, Վան-Տուշպայի սեպագրերը, որոնք վստահաբար նոր են ներկայացվում շատերին, ուստի՝ այս միջոցառումը ունենալու է նաև իր ճանաչողական նշանակությունը հայ ժողովրդի անցյալի, վաղեմության, նրա մշակույթի սկզբնաղբյուրի մասին»,- նշել է Սուքիասյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանի և խաչքարագործ, արձանագրությունների կրկնօրինակները կերտած Արտակ Համբարձումյանի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել ներկայացված սեպագրերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---