ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը հանձնարարել է ԵՀ-ին բանակցություններ սկսել ՀՀ հետ

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը հանձնարարել է ԵՀ-ին բանակցություններ սկսել ՀՀ հետ

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը հանձնարարել է Եվրահանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների նոր իրավական բազայի ձևավորման շուրջ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության վրա հղումով:

Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրն իր հերթին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ողջունում է ԵՄ և ՀՀ միջև համագործակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու մանդատի հաստատումը:

Ավելի վաղ Հարլեմ Դեզիրը, որն Երևանում էր՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության արտգործնախարարների համաժողովի շրջանակում, հայտարարել էր, որ բանակցություններից հետո կնքվելիք նոր փաստաթուղթը Հայաստանին հնարավորություն կտա համագործակցել Եվրամիության հետ մի ձևաչափով, որը չի խոչընդոտի Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Սեպտեմբերի սկզբին Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին հայտարարեց, որ Լյուքսեմբուրգի նախագահության կողմից պատրաստվող Եվրամիություն-Հայաստան գործակցության նոր տեսակի փաստաթուղթը Եվրոպական խորհրդարանը դեռևս չի ստացել: Ըստ նրա, ԵՄ հետ ստորագրվող ցանկացած համաձայնագիր ՀՀ իշխանություններին թույլ կտա հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Բրյուսելի միջև:

Սեպտեմբերի 5-ին Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը ԵՄ անդամ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպումից հետո հայտարարեց, որ համաձայնագրերի նոր տարբերակը Հայաստանը ԵՄ-ին ավելի պակաս չափով կմիավորեն, այսինքն՝ կունենա ավելի ցածր մակարդակ, քան Ասոցացման համաձայնագիրը:

Չարնեցկին նշեց, որ «ցածր մակարդակը» դիվանագիտական եզրույթ է, իսկ փաստաթղթի նպատակաը մեկն է. «Հայաստանը պետք է ստորագրի այս փաստաթուղթը, որովհետև ԵՄ–ի հետ յուրաքանչյուր համաձայնագիր բարենպաստ է Երևանի համար. այն տրամադրում է իշխանության հավասարակշռություն, բալանս՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև»:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---