ԵՄ-ն 4 ամսով կկասեցնի Բելառուսի դեմ գործող պատժամիջոցները

ԵՄ-ն 4 ամսով կկասեցնի Բելառուսի դեմ գործող պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը 4 ամսով կկասեցնի Բելառուսի դեմ գործող պատժամիջոցները, սակայն պատրաստ է ցանկացած պահի վերացնել արգելքը, հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը:

«Որոշումն ընդունվել է, ելնելով որոշ քաղբանտարկյալներին ազատ արձակելուց և հաշտեցման մթնոլորտում անցած ընտրություններից հետո, թեև մենք դեռ սպասում ենք դիտորդների զեկույցին, առավել լավ պատկերացում ստանալու համար:

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 11-ին 5-րդ անգամ վերընտրվեց նախագահի պաշտոնում` հավաքելով ընտրողների քվեների 83,49%-ը:

«Ընդունված որոշումը հնարավորություն է տալիս միաժամանակ երկարաձգել Բելառուսի դեմ պատժամիջոցները, և կասեցնել դրանց գործողությունը նպաստելու համար մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, իրավական պետության սկզբունքներին: Ուստի առաջիկա 4 ամիսներին որոշվել է կասեցնել պատժամիջոցների գործողությունը, սակայն դրանք կարող են անհապաղ նորից կիրառվել, եթե դա արդարացված լինի»,-հայտարարել է Դեզիրը լրագրողներին ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ նիստի ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բելառուսում մարդու իրավունքների խախտման մասին հայտարարող Եվրամիությունը 2012-ին ընդլայնեց դեռևս 2010-ի դեկտեմբերին սահմանված պատժամիջոցները`սահմանափակելով բելառուս պաշտոնյաների մուտքը ԵՄ տարածք, որպես պայման ներկայացնելով քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը: Մինսկը պնդում էր, որ երկրում քաղբանտարկյալներ չկան: ԵՄ Խորհուրդը երկարացրել էր Բելառուսի դեմ պատժամիջոցները մինչև 2015-ի հոկտեմբերի 31-ը:

Նախարարների որոշման վրա որպես դրական ազդեցություն ունեցած գործոններ նշվում են 6 քաղբանտարկյալներին ներում շնորհելը 2015-ի օգոստոսին, ինչպես նաև Բելառուսի աջակցությունն Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքին:

Բելառուսի և Ռուսաստանի դաշնային պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտան դրական է գնահատել է պատժամիջոցները կասեցնելու վերաբերյալ ԵՄ որոշումը: «Ես չեմ հավատում միջպետական հարաբերությունների այնպիսի գործիքին, ինչպիսին պատժամիջոցներն են»,-ասել է Ռապոտան Մինսկում լրագրողներին: Նա հավելել է, որ դա ամենաարդյունավետ միջոցը չէ, հատկապես եթե չեն սպառված կարգավորման մյուս հնարավորությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---