Նոյեմբերի 24-ին մեկնարկում է Կիև-Երևան նոր չվերթը

Նոյեմբերի 24-ին մեկնարկում է Կիև-Երևան նոր չվերթը

PanARMENIAN.Net - Ուկրաինական Yanair նոյեմբերի 24-ից մեկնարկում է Կիև-Երևան նոր չվերթը: Այն թույլ կտա ավելացնել ուղևորափոխադրումները երկու մայրաքաղաքների միջև, քանի որ այժմ Կիևից Երևան չվերթեր է կատարում միայն МАУ ավիաընկերությունը, ընդ որում չվացուցակով նախատեսված են երեկոյան թռիչքներ Կիևից և առավոտյան` Երևանից:

Չվերթը սպասարկելու են Boeing 737 ինքնաթիռները` «էկոնոմ» և «բիզնես» կարգի առկայությամբ: Չվերթն իրականացվելու է շաբաթական 2 անգամ` երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Կիևում չվերթը սպասարկելու է «Կիև» (Ժուլյանի) միջազգային օդանավակայանը: YE227 չվերթը Կիևից կիրականացվի տեղի ժամանակով 07:50-ին, ժամանումը Երևան` 12:35: Հակառակ ուղղությամբ` թռիչքը «Զվարթնոց» օդանավակայանից Երևանի ժամանակով 13:45:

Տոմսի նվազագույն գինը առանց հետադարձի $140 է, հետադարձով` առնվազն $225:

Ավիափոխադրումների աճի վրա ազդում է ՀՀ կառավարության «բաց երկնքի» քաղաքականությունը: Միակ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը սնանկ ճանաչվեց 2013-ին և դադարեցրեց գործունեությունը:

Կառավարությունը հաստատեց ոլորտի աստիճանական ազատականացման ռազմավարությունը` մասնավորապես, «Հայաստանում ավիափոխադրումների մրցունակ և տևական ծառայությունների տրամադրումն ապահովող ծրագիրը, որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ հետազոտության վրա:

YanAir-ն ուկրաինական ավիաընկերություն է, որը հիմնվել է2012-ին և սկսել թռիչքներ իրականացնել Կիև-Չերնովցի ուղղությամբ, հետո բացել է ևս մի քանի չվերթ: Գրանցված է Ժիտոմիրում, թռիչքներն իրականացնում է «Կիև» և Օդեսայի օդանավակայաններից, կատարում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային թռիչքներ: Ավիաընկերությունը ակտիվ ներդրումներ է անում Ժիտոմիրի օդանավակայանի վերակառուցման համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---