ՆԱՏՕ-ի քարտուղարը կուսումնասիրի թուրքական ուղղաթիռների կողմից ՀՀ օդային սահմանի խախտումը

ՆԱՏՕ-ի քարտուղարը կուսումնասիրի թուրքական ուղղաթիռների կողմից ՀՀ օդային սահմանի խախտումը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 61-րդ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հարցրել է հոկտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ներխուժած թուրքական ռազմական ինքնաթիռների մասին, ինչին ի պատասխան վերջինս ասել է, որ դրա մասին տեղյակ չէ:

«Ստոլտենբերգն ասել էր, որ տեղյակ չէ: Ես նույնիսկ նկատեցի զարմանք նրա դեմքի վրա: Խնդրեց նաև, որ այս մասին ես իրեն նամակ ուղարկեմ , որն անպայման կուսումնասիրի ու կպատասխանի», - ասել է Պողոսյանը՝ մանրամասնելով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հարցը տվել է ոտքի վրա՝ միջանցքում, քանի որ այնպես է ստացվել, որ զեկույցների, բանաձևերի ձևաչափով քննարկումներին հարցը չէր կարող բարձրացվել, իսկ լիագումար նիստին պատվիրակության անդամներից միայն մեկին էր հնարավորություն տրվել հարց տալու, և պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բարձրացրել էր Սիրիային վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ուղղաթիռները ապօրինաբար հատել են ՀՀ սահմանը, հայտնել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ երկու օր անընդմեջ Հայաստանի սահմանը հատողները եղել են ռազմական ուղևորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում և արագ հեռացել են: Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի հատվածում, Բաղրամյանի մոտ, թռիչքներն էլ Իգդիր-Ղարս ուղղությունների վրա են եղել: Անկարայի կարգավարն հայտնել է, որ եղանակային պայմանների հետ կապված է ուղղաթիռը նման ճանապարհ ընտրել՝ փորձելով շրջանցել վատ եղանակային իրավիճակը: Սակայն ուղղաթիռները Հայաստանի սահմանը հատելու թույլտվություն չեն ունեցել:

Պողոսյանը նշել, որ հարցը տվել է հենց այն համատեքստում, որում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձրացրել էր ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի տարածք մտնելը և որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ամեն գնով պաշտպանել իր ցանկացած անդամի տարածքը, նաև օդային:

«Չնայած ասաց, որ տեղյակ չէ, կարևոր էր, որ իր այդ խոսքից հետո անպայման հնչեր, որ նաև իրենց կառույցի ռազմական ուժերը կարող են խախտել իրենց իսկ գործընկեր երկրի օդային երկրի տարածքը», - ընդգծել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Պողոսյանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարից պարզաբանում կլինի, առավել ևս, որ նոյեմբերի սկզբին լինելու է ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---