Մոտ 50 մլն դրամ՝ ՀՀ-ում ՏՏ համաշխարհային համաժողովին

Մոտ 50 մլն դրամ՝ ՀՀ-ում ՏՏ համաշխարհային համաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարություն հոկտեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 49 մլն դրամ հատկացնելու մասին որոշման նախագծին, ինչը նախատեսված է 2019-ին տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար:

Ինչպես նիստում նշել է էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, գումարը, երաշխիքային կանխավճարի տեսքով, պետք է փոխանցի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին, գրում է Tert.am-ը:

Գումարը կհատկացվի 2015-ի բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշման հաստատումից հետո ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանում և նշել, որ այն շատ հեղինակավոր է։

2015-ի մարտի 9-ին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) անցկացման մասին համաձայնագիր է ստորագրվել:

Դեռևս 2014 –ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հայտ էր ներկայացվել Երևանում Տեղեկատվական համաժողովի անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու մասին որոշումն ընդունվեց 2014-ի սեպտեմբերին, Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի /WITSA/ տնօրենների խորհրդի նիստում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են ՏՏ ոլորտի 2-3 հազար լիդեր մոտ 100 երկրից:

WCIT-ը անցկացվում է 1978-ից սկսած՝ երկու տարին մեկ անգամ: Համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 2000-ից մինչ օրս WCIT-ն անցկացվել է Թայվանում, Ավստրալիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Մալայզիայում, Նիդերլանդներում, Կանադայում և Մեքսիկայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---