Der Spiegel. Ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևի վերջնական ընթերցումը հետաձգվել է անորոշ ժամկետով

Der Spiegel. Ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևի վերջնական ընթերցումը հետաձգվել է անորոշ ժամկետով

PanARMENIAN.Net - Հայոց Ցեղասպանության մասին Բունդեսթագի վիճահարույց բանաձևի վերջնական ընթերցումն անորոշ ժամկետով հետաձգվել է: Այս մասին գրում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին:

«Ամենայն լռության պայմաններում «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն» (CDU/CSU) և «Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական միություն» (SPD) իշխող խմբակցությունները համաձայնության են եկել, հնարավորինս երկար ժամանակով հետաձգել այս բանաձևի երկրորդ ու երրորդ ընթերցումները, որում 100 տարի առաջ երիտթուրքերի կառավարության իրականացրած զանգվածային ջարդերը բնորոշվում են որպես ցեղասպանություն»,– գրում է պարբերականը:

Tert.am-ի փոխանցմամբ՝ պարբերականը նշում է, որ իշխող կուսակցությունների արտաքին քաղաքականության պատասխանատուները «չեն ցանկանում պաշտոնապես մեկնաբանել այս տեղեկատվությունը, սակայն հավաստի աղբյուրների համաձայն՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում Գերմանիան չի ցանկանում ավելորդ հրահրել Անկարային, քանի որ միաժամանակ օգնություն է ակնկալում փախստականների ճգնաժամը հաղթահարելու հարցում»:

«Բանաձևի շուրջ վեճեր էին ընթանում արդեն գարնանը: Արդեն այն ժամանակ արտաքին գործերի նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը (SPD), հաշվի նստելով Անկարայի հետ, հրաժարվեց խոսել Ցեղասպանության մասին: Նրան իր ելույթով հակադարձեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը, և «Քրիստոնեա-դեմոկրատական միության» շարքերում ճնշումն այնքան մեծ էր, որ Ցեղասպանություն բառը, ի վերջո, հայտնվեց բանաձևի տեքստում», - գրում է թերթը:

2015-ի Սեպտեմբերին Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել էր, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձևի քննարկման գործընթացը շարունակվում է:

Ավելի վաղ Մաթիաս Քիսլերը հույս էր հայտնել, որ Բունդեսթագը Հայոց ցեղասպանության հստակ ձևակերպումներով բանաձև կընդունի: Սակայն նա դժվարացել է ասել, թե երբ տեղի կունենան քննարկումները, քանի որ ներկայումս Գերմանիայի խորհրդարանը շատ ավելի հրատապ հարցով է զբաղված` կապված փախստականների մեծ ներհոսքի հետ:

Ապրիլին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն ու Դաշնային կառավարությունը հավանություն տվեցին 20-րդ դարի սկզբի հայկական ջարդերը Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն որակելուն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն, հայտնում է ArmRadio-ն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

«Հայերի նման ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է սարսափելի ձևով: Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գերմանիայի նախագահը:

Ավելի ուշ գերմանաբնակ թուրք մտավորական, պատգամավոր Հասան Բուրղուջուօղլուն Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանություն փաստի ճանաչումը մարդ լինելու չափանիշն է:

Պատգամավորի խոսքով՝ Բունդեսթագում շրջանառվող օրինագծում «ցեղասպանություն» բառը գոյություն չունի և շատ լղոզված է: «Թեև իմ կուսակցության ներկայացրած հայտարարությունում «ցեղասպանություևն» եզրույթն առկա էր», ասել է նա: Բուրղուջուօղլուն նկատել է, որ յուրաքանչյուրն իր բառով ասում է, որ 1915-ի դեպքերը ցեղասպանություն էին, առանց օգտագործելու այդ եզրը: Մանրամասն նկարագրում են ոճրագործություն՝ առանց ասելու, որ ցեղասպանություն է:

Նա նաև ասել է, որ պետք է միասնական փաստաթուղթ շրջանառվի: Խոսելով ժամկետների մասին՝ հստակեցրել՝ իրենց ընդդիմախոսները ցանկանում են, որ օրինագիծը մի քանի տարի շրջանառվի Բունդեսթագում: «Եթե կառավարությունը չցանկանա, ոչինչ չի ստացվի»,- ասել է Բուրգուջուօղլուն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---