Թուրք պատմաբանը կներկայացնի քուրդ սպայի՝ Ցեղասպանության տարիներին հայերին փրկելու մասին գիրքը

Թուրք պատմաբանը կներկայացնի քուրդ սպայի՝ Ցեղասպանության տարիներին հայերին փրկելու մասին գիրքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Քլարքի համալսարանի ազգությամբ թուրք պատմաբան Ումիթ Քուրթը Ֆրեզնոյի համալսարանում նոյեմբերի 6-ին կներկայացնի «Քրդական Շինդլեր. Մի փրկչի պատմություն» գիրքը: Ինչպես հաղորդում է Massis Post-ը, դասախոսությունը 2015-ի հայագիտական աշնանային ծրագրի դասախոսությունների շարքի մասն է կազմում:

Ըստ գրքի բովանդակության, Ջեմիլ Կունեն Օսմանյան բանակի լեյտենանտ էր և 1915-ին նշանակված էր Բիրեջիքի նավաշինական գործարանի տնօրեն՝ Օսմանյան հինգերորդ բանակի վերահսկողության ներքո, որի հրամանատարը Ջեմալ փաշան էր: Նավաշինական գործարանում լաստանավեր էին կառուցվում, որոնք օգտագործվում էին օսմանյան զինվորների կողմից Եփրատն անցնելու համար:

Պատմականորեն Կունեին առանցքային դարձնող փաստը նրա՝ հայերին փրկելու անդադար ջանքերն են: 1915-1917 թվականներին նա հատկապես փորձում է օգնել Այնթափի բողոքական հայերին, որպեսզի կանխի դեպի Դեյր Զոր նրանց բռնագաղթը: Բռնագաղթի ժամանակ Կունեն ամուսնանում է հայր Կարապետ Գյուլեուզյանի դստեր՝ Տիգրանուհու հետ, և փրկում է նրա կյանքը` նրա տեղահանությունը դեպի Դեյր Զոր թույլ չտալով: Ումիթ Քուրթը դասախոսության ընթացքում կմանրամասնի Ջեմիլ Կունեի՝ Ցեղասպանության ժամանակ հայերին փրկելու ջանքերը, ինչպես նաև Ցեղասպանությունից հետո նրա և կնոջ` Տիգրանուհու կյանքի պատմությունը:

Ումիթ Քուրթը գիտությունների թեկնածու (PhD) է Քլարքի համալսարանի պատմության ֆակուլտետի Հոլոքոստի և ցեղասպանագիտություն բաժնում և այժմ աշխատում է իր գիտական թեզի վրա: Նա հետազոտական հետաքրքրություններն ընդգրկում են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայերի ունեցվածքի բռնագրավման, Հայոց ցեղասպանության, ժամանակակից թուրքական ազգայնականության ձևավորման և Այնթափի հայերի բռնագաղթի ու կոտորածի խնդիրները: Նա հեղինակել է «Մեծ, անհույս թուրքական ցեղը. 1911-1916թթ. թուրքական ազգայնականության հիմադրույթները թուրքական հայրենիքում» և խմբագրել «Ապստամբություն և ոչնչացում. պետության ձևավորումը Օսմանյան կայսրությունից մինչև Թուրքիայի Հանրապետություն և զանգվածային բռնություն» աշխատությունները: Քուրթը պատմություն է դասավանդում Ստամբուլի Սաբանջիի համալսարանում և Թաներ Աքչամի հետ միասին հեղինակել է «Օրենքների ոգին. հայերի ունեցվածքի կողոպուտը Հայոց ցեղասպանության ժամանակ» աշխատությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---