ԵՀ ծրագիր. Հունաստանը, Մակեդոնիան և Ալբանիան կխստացնեն սահմանների հսկողությունը

ԵՀ ծրագիր. Հունաստանը, Մակեդոնիան և Ալբանիան կխստացնեն սահմանների հսկողությունը

PanARMENIAN.Net - Հունաստանը, Մակեդոնիան և Ալբանիան պարտավորվել են խստացնել հսկողությունը սահմաններին, իսկ ԵԽ սահմանապահ գործակալությունը կօգնի Բուլղարիային վերահսկել բուլղարա-թուրքական սահմանը, ասվում է գործողությունների համատեղ ծրագրում, որը համաձայնեցվել է Եվրամիության երկրների ղեկավարների հանդիպմանը: Խոսքն այն երկրների մասին է, որոնք գտնվում են ԵՄ փախստականների ներհոսքի բալկանյան ճանապարհին:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրամիության անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում է հրավիրել հոկտեմբերի 25-ին: ԵՄ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպմանը մասնակցել են Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովենիայի ղեկավարները: Հրավիրված էր նաև Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգը և փախստականների գծով ՄԱԿ գերագույն հանձնակատարը:

«Հունաստանը, նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան և Ալբանիան կխստացնեն հսկողությունը սահմաններին, իսկ Frontex-ը կօգնի գրանցել փախստականներին Հունաստանում»,-ասվում է Եվրահանձնաժողովի տարածած փաստաթղթում:

Այն նաև ենթադրում է «Frontex-ի հավելյալ աջակցություն Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին»: Բացի այդ, ղեկավարները պայմանավորվել են խստացնել սահմանային գործակցությունը Հունաստանի և Մակեդոնիայի միջև, աշխատել Frontex-ի հետ սահմանի հատումների դիտարկման և գրանցման աջակցության հարցում, ինչպես նաև մատնահետքերի գրանցմանը խորվաթա-սերբական սահմանին:

Որոշվել է նաև խստացնել Հունաստանի ափերին գործող «Պոսեյդոն» ծրագիրը, սակայն փաստաթղթում չկան մանրամասներ լրացուցիչ ռեսուրսների մասին, որոնք դա հնարավոր կդարձնեն: Եվ վերջապես, գործողությունների պլանը հորդորում է անհրաժեշտության դեպքում օգտագործել ԵԽ արագ արձագանքման սահմանապահ խմբերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կազմել է Եվրամիության երկրնեի ղեկավարներին ուղղված 16 կետից բաղկացած առաջարկների և պահանջների ցանկ, որոնք ուղղված են Եվրոպայի սահմաններին տիրող քաոսի կասեցմանը:

«Սահմաններն անարգել հատելու քաղաքականությանն աջակցելն անընդունելի է»,-ասված է ցանկի 12-րդ կետում, որի հիմնական պահանջն է, որ եվրոպական երկրները դադարեն առանց հարևանների համաձայնության հազարավոր ներգաղթյալնների ուղարկել այնտեղ: «Հարևանները պետք է միմյանց հետ աշխատեն, ոչ թե իրար դեմ»,-ասել է Յունկերը:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---