Ուորլիք. Մտադիր ենք մինչև 2015-ի ավարտը կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը

Ուորլիք. Մտադիր ենք մինչև 2015-ի ավարտը կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Շատ կարճ ժամանակ է մնում, մենք պետք է ճշտենք նախագահների հետ նրանց զբաղվածության գրաֆիկը՝ հանդիպումը կազմակերպելու համար»,-ասել է ամերիկացի համանախագահը:

Հարցին, թե արդյոք վիրավորական չէ, որ ԱՄՆ-ն չի կարողանում պարզել իրականությունը շփման գծում, այսինքն` ով է խախտում հրադադարը և ինչպես, Ուորլիքը պատասխանել է.

«Մենք հետաքննության արդյունավետ միջոցներ չունենք, որպեսզի ուսումնասիրենք կատարվածը: Ո՞վ է արել, չունենք պատասխան: Մեզ անհրաժեշտ են մեխանիզմներ»:

ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման ՄԽ համանախագահները Հայաստանում են հոկտեմբերի 26-ից: Այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում:

Ուորլիքը հիշեցրել է, որ համանախագահների այցի նպատակը տարածաշրջան՝ երկու երկրների նախագահների հանդիպման մանրամասների ճշտումն է, գրում է Tert.am-ը:

Հոկտեմբերի 27-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը:

Դիտարկման ժամանակ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը:

«Բանակցությունները հակամարտության լուծման ուղղությամբ արդեն 20 տարի է շարունակվում են: Բայց հիմա եկել է ժամանակը կոնկրետ ու համակարգված բանակցություններ վարելու համար: Նույնիսկ քաղաքական կամքի դրսևորման պարագայում նախագահները հանդիպում են կարճ ժամանակով ու վերջ: Իսկ սա բավարար չէ հակամարտությունը լուծելու համար: Մենք չենք ակնկալում, որ մասնակիցները հանդիպումների ժամանակ լուծումն սկսեն բարդագույն խնդիրներից: Խաղաղության հասնելու համար կան բազմաթիվ տարրեր»:

Ամերիկացի համանախագահի խոսքով՝ բացի նախագահական մակարդակի հանդիպումներից, պետք է երկու երկրների ներկայացուցիչները «առավել ինտենսիվ» հանդիպումներ ունենան, գրում է Panorama.am-ը:

«Մենք առաջարկել ու առաջարկում ենք շփման գծում ցանկացած բռնության դեպքի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնել: Այդ գաղափարին կողմերը պետք է համաձայնություն տան, որպեսզի ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմ իրականացվի», - ասել է նա:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար»:

Ըստ նրա, լարվածության մակարդակը տարածաշրջանում բարձր է, և ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացնում է կողմերին նոր սրացմանը միտված քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:

«Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում, հանդիպելու համար նախագահներին ու նախապատրաստելու հաջորդ գագաթնաժողովը: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը և իր ավանդը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման մեջ»,-ասել է նա:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցին, ասել էր. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների և վայրի հարցում շտապել պետք չէ: Համանախագահների այցի ժամանակ այդ հարցը կքննարկվի: Երկու ճանապարհ կա. կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկով: Ամեն դեպքում մենք սպասում ենք համանախագահների այցին տարածաշրջան»:

Կարդացեք նաև՝ Բաբայան. ՄԽ միջնորդների հետ կքննարկվի դիտորդների ավելացումն ու տեսագրող սարքերի տեղադրումը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---