Ասադը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին

Ասադը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Ռուսաստանի խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել նախագահական ընտրություններին, եթե Սիրիայի ժողովուրդն աջակցի իրեն, ՌԻԱ Նովոստիին է հայտնել պատվիրակության անդամ, կոմկուսից Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշչենկոն:

«Ասադն ասել է, որ եթե Սիրիայի ժողովուրդը հարկ համարի, ապա ինքը դեմ չի լինի նախագահական ընտրություններին մասնակցել»,-ասել է Յուշչենկոն Ասադի հետ հանդիպման ավարտին, հայտնում է Lenta.ru-ն:

Ռուս խորհրդարանականների պատվիրակությունը Սիրիայում է գտնվում հոկտեմբերի 23-ից: Յուշչենկոյի հետ միասին Սիրիայում են Դաշնության խորհրդի անդամ Դմիտրի Սաբլինը և կոմկուսից Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Խորհրդարանական պատվիրակությունը հումանիտար օգնություն է տարել Սիրիա:

Յուշչենկոն հավելել է, որ ըստ Ասադի, նա ցանկացած պահի պատրաստ է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, եթե Սիրիայի ժողովուրդը դա անհրաժեշտ համարի:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոկտեմբերի 20-ի երեկոյան այցելել է Մոսկվա և բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ Պեսկովի, «բանակցությունները բավականին տևական էին, թեմատիկան միանգամայն հասկանալի»: «Բնականաբար, քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում ռուսական գործողության շարունակման հետ կապված հարցեր: ՌԴ նախագահին հանգամանորեն իրազեկել են Սիրիայում տիրող իրավիճակի, հեռանկարների մասին»,-ասել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաշար Ասադի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը որպես հիմք է ընդունում այն դրույթը, որ երկարաժամկետ կարգավորումը Սիրիայում հնարավոր է միայն քաղաքական գործընթացի հիման վրա` բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ և կրոնական խմբերի մասնակցությամբ: «Վերջին հաշվով վճռական խոսքը պատկանում է բացառապես Սիրիայի ժողովրդին»,-հայտարարել է ՌԴ նախագահը:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---