ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար. Երրորդ ուժերը չեն խափանի ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար. Երրորդ ուժերը չեն խափանի ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները

PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները չեն խափանվելու երրորդ ուժերի, այսպես ասած, բացասական ներգրավվածության պատճառով: Այսպիսի վստահություն է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ:

«Երբ մենք բանակցություններ ենք նախաձեռնում, մեր նպատակը դրանք հաջողությամբ ավարտին հասցնելն է: Այս հարցում մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա: Ոչ այժմ, ոչ էլ նախկինում Եվրամիությունը չի փորձել որևէ բան փաթաթել Հայաստանի կամ իր ցանկացած այլ գործընկերոջ վզին: Այնուամենայնիվ, անցած անգամվա փորձից դասեր քաղվել են և ես հույս ունեմ, որ այս անգամ Հայաստանի իշխանությունները գիտակցում են իրենց մանևրելու լուսանցքը, գիտակցում են, թե կոնկրետ ինչ շրջանակում կարող են գործակցել Եվրամիության հետ և ես հույս ունեմ, որ այն ամենը, ինչի շուրջ մենք բանակցում ենք, հիմնված է լինելու Հայաստանի սուվերեն որոշման վրա: Այնպես որ, այո՛, ես բավական վստահ եմ, դատելով անձամբ իմ ստացած ազդանշաններից` հիմնվելով նախագահի, վարչապետի, արտգործնախարարի և այլ նախարարների հետ հանդիպումների վրա, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններին և պատրաստ է հնարավորինս շուտ ավարտին հասցնել դրանք», - ասել է Սվիտալսկին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրա խոսքով՝ կարող է կրկնել այն, ինչ կարդացել է հայկական թերթերում, լրատվամիջոցներում, որոնք ցիտել են ՌԴ փոխարտգործնախարարի խոսքերը, ինչպես նաև Երևանում Ռուսաստանի դեսպանի խոսքերը:

« Դրանք շատ հստակ էին և որոնցից պարզ էր դառնում, որ Ռուսաստանը դեմ չէ Եվրամիության և Հայաստանի միջև կապերի խորացմանը, դեմ չէ Եվրոպական Միության և Հայաստանի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցություններին: Սրանք շատ հստակ հայտարարություններ էին և կարծում եմ Ռուսաստանի շահերից էլ է բխում, որ Հայաստանը հնարավորինս շատ ընկերներ ունենա: Եվրամիությունը Հայաստան է գալիս որպես բարեկամ, մենք Հայաստանում ամենախոշոր դոնորն ենք, մենք Հայաստանի համար ամենամեծ արտահանման շուկան ենք, մենք ամենամեծ արտաքին ներդրողն ենք Հայաստանում, և շատ բնական է, հաշվի առնելով Եվրամիության դերը հայաստանյան տնտեսությունում, որ մենք ցանկանում ենք մեր հարաբերությունները դնել հաստատուն պայմանագրային հիմքերի վրա: Այնպես որ, ես հույս ունեմ, որ այս անգամ մենք կխուսափենք բարդություններից ու անսպասելի շրջադարձերից», - ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

«Դեռևս չափազանց վաղ է ասել, թե բանակցություններն ինչ արագությամբ կընթանան և ինչ բովանդակություն կունենան: Մենք սկսում ենք` որպես հիմք ունենալով այն փոխըմբռնումը, որ նոր համաձայնագիրը հաշվի է առնելու նոր զարգացումները և մասնավորապես այն հանգամանքը, որ Հայաստանն այժմ մեկ այլ տնտեսական ինտեգրացիոն գործընթացի մաս է կազմում», - ասել է Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ նոր համաձայնագիրը Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի ավելի թեթև տարբերակը չէ: Ազատ առևտրի համաձայնագիրը հիմնված էր այլ տրամաբանության վրա` դա տնտեսությունների մերձեցման տրամաբանությունն էր, որը ենթադրում էր, որ համաձայնագիրը կնքող երկրները ավելի են մոտենալու Եվրամիությանը, այդ թվում` իրենց տնտեսական և առևտրային հարաբերություններում:

Այս համատեքստում Սվիտալսկին նշել է, որ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը Եվրամիության և Հայաստանի միջև տարված բանակցությունների քաղաքական բաղադրիչը պետք է անփոփոխ մնա և այս առումով` քաղաքական` ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին առնչվող հարցերում չի կարելի խոսել «թեթև» տարբերակի մասին:

«Մենք հիմք են ընդունելու արդեն համաձայնեցված փաստաթուղթը և, հուսամ, ընդունելու ենք դա առանց երկար բանակցությունների: Բնականաբար, բոլորովին այլ իրավիճակ է առևտրային և տնտեսական հարաբերությունների պարագայում: Մենք չենք կարող բանակցել մաքսային դրույքաչափերի շուրջ, մենք չենք կարող քննարկել այն ոլորտներին առնչվող թեմաներ, որոնք այժմ, հաշվի առնելով Հայաստանի առջև հառնած նոր իրավիճակը, վերապահվել են այլ կառույցի», - ասել է ԵՄ պատվիրակության ղեփկավարը՝ հավելելով, որ նոր համաձայնագիրը պետք է դիտարկվի որպես շատ կարևոր քաղաքական զարգացում:

Պատասխանելով հարցին, թե որոնք են բանակցությունների սեղանին դրված այս նոր գործարքի դրական կողմերը Սվիտալսկին ասել է, որ չի կարող հրապարակել որևէ բան, որովհետև դեռ չեն սկսել բանակցությունները:

Նրա խոսքով՝ այն ինչ արվել է՝ նախապատրաստվելով այս բանակցություններին, կոչվում է` «ոլորտների ճշգրտման վարժություն», ինչը նշանակում է, որ ուսումնասիրել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի նախագիծը` այն տեսանկյունից, թե ինչը կարելի է պահպանել` հաշվի առնելով նոր իրադրության առանձնահատկությունները, և նոր համաձայնագիրը հարաբերությունների հստակ պայմանագրային հիմք չի առաջարկելու: Այն կարևոր կլինի քաղաքական առումով, բայց այն նաև կօգնի Եվրամիությանը` զարգացնելու իր գործակցությունը Հայաստանում ավելի արդյունավետ կերպով, թերևս նաև ավելի մեծ ծավալների հասցնելով այն, և դա կարևոր է հայաստանցիների համար, դա կարևոր կլինի նրանց կյանքի տարբեր ասպարեզներում, սկսած Հայաստանի իշխանությունների հետ երկկողմ ծրագրերից, որոնք ուղղված կլինեն ժողովրդավարության, օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի հզորացման, հանրային վարչարարության բարելավմանը։ Սվիտալսկու խոսքով՝ ի վերջո՝ այս ամենը իր ազդեցությունը կթողնի յուրաքանչյուր հայաստանցու առօրյա կյանքի վրա: Դրանից է կախված, թե քաղաքացին ինչ վերաբերմունքի կարժանանա դատարանում, որքանո՞վ են պաշտպանված նրա իրավունքները Հայաստանում:

Անդրադառնալով հարցի տնտեսական կողմին` պաշտոնյան ասել է, որ ԵՄ-ն ցանկանում է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ բարելավելու համար օտարերկրյա ներդրումների պայմանները երկրում, ցանկանում է, որ Հայաստանի գործարար միջավայրը նոր հնարավորություններ առաջարկի թե՛ հայաստանցիներին, և թե՛ նաև եվրոպացիներին, ովքեր ցանկանում են բիզնեսով զբաղվել Հայաստանում:

«Եթե մենք հաստատուն պայմանագրային հարաբերություններ ունենանք, ես հույս ունեմ, որ դա խթան կհանդիսանա օտարեկրյա ներդրողների համար, դա կխրախուսի պոտենցիալ բիզնես գործընկերներին և նույնիսկ միջազգային կազմակերպություններին, որպեսզի ավելի սերտորեն համագործակցեն Հայաստանի հետ: Բայց ես չեմ կարող կոնկրետ, չափելի ցուցանիշներ մատնանշել, որոնք կարող ենք ունենալ համաձայնագրի ստորագրման դեպքում, քանի որ սա իրավական և քաղաքական փաստաթուղթ է, որտեղ չկան այնպիսի դեղատոմսեր, որոնք մեկ օրում կբարելավեն հայաստանցիների կյանքը: Բայց երկարաժամկետ հեռանկարում սա կօգնի հայաստանցիներին արդիականացնելու երկիրը, որն էլ իր հերթի կբարելավի բոլորի կյանքը», - ասել է նա:

Սվիտալսկին նաև անդրադարձել է կոռուպցիայի խնդրին՝ ասելով, որ դրա դեմ պայքարը անհավատալիորեն կարևոր է, բայց նա միաժամանակ նշել է, որ չկա այնպիսի եվրոպական երկիր, համայնք, որտեղ կոռուպցիա չլինի: Նրա խոսքով՝ եթե հետ նայենք անցած 5 տարիներին, կտեսնենք, որ մի քանի եվրոպական կառավարություններ տապալվեցին կոռուպցիոն սկանդալների պատճառով: Մի քանի նախարարների, անգամ վարչապետների մեղադրանքներ են ներկայացվել կոռուպցիոն սկանդալների հետ կապված: Այնպես որ` սա միայն Հայաստանին վերաբերող հարց չէ, այս խարանը կրում են շատ ուրիշ երկրներ, սակայն ամենավատ բանը ժխտողականությունն է: Եթե երկիրը, հասարակությունը պնդում են, որ կոռուպցիան իրենց չի վերաբերում, այդ ժամանակ մենք իսկապես լուրջ խնդիր ունենք:

«Հայաստանի հետ կապված՝ ես լավատես եմ, այն առումով, որ մենք ունենք փաստաթղթեր, բավական լավ փաստաթղթեր, ունենք ռազմավարություն, այժմ արդեն ունենք նաև որոշումներ` կոռուպցիայի դեմ պայքարող մարմին ստեղծելու մասին: Բայց պետք է մեկ բան հասկանանք` այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ կարելի է արդյունավետ պայքարել, եթե դա արվում է վերևից ներքև: Խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել` սկսելով ներքևի աստիճանից և բարձրանալով վերև, սակայն կոռուպցիան այն խնդիրներից է, որի լուծումը հարկավոր է սկսել վերևից, այլապես ոչինչ չի ստացվի: Մենք, որպես Եվրոպական միության ներկայացուցչություն, շուտով հանդիպում ենք ունենալու Հայաստանի իշխանությունների հետ` կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ քայլեր քննարկելու համար: Մենք քննարկելու ենք կոռուպցիան արդարադատության համակարգում` շուտով նախատեսվում է հանդիպում արդարադատության նախարարի հետ: Իմ առաջին հանդիպումը արդարադատության նախարարության հետ մեծ հույսեր է ներշնչել: Իսկ առաջիկայում մենք մի սեմինար ենք անցկացնելու, որտեղ ես խոսելու եմ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի մասին», - ասել է Սվիտալսկին:

Խոսելով մարդու իրավունքների խնդրի և ժողովրդավարության մասին՝ նա նշել է, որ այդ և օրենքի գերակայությանն առնչվող հարցերով ԵՄ-ն արդեն վարում է անկեղծ, բաց երկխոսություն Հայաստանի իշխանությունների հետ:

«Ես հանդիպումներ եմ ունեցել պետական պաշտոնյաների հետ, ես հանդիպել եմ օմբուդսմենի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին իմ պատկերացումները կազմել եմ՝ հիմնվելով տարբեր կողմերից ստացված այս տեսակետների վրա: Հույս ունեմ, որ նոր շրջանակային համաձայնագրի իրականացման ընթացքում մենք կխորացնենք այդ երկխոսությունը: Այլ հարց է, թե ինչ և ինչպես պետք է անել իրավիճակը բարելավելու համար: Այստեղ, թերևս, քաղաքացիական հասարակության որոշ հատվածներ համաձայն չեն իշխանությունների հետ, սակայն պետք է ասեմ, որ Եվրոպական միությունը այս հարցում հստակ պատասխանատվություն է ստանձնել. մենք շուտով տալու ենք մարդու իրավունքների աջակցության մեծ ծրագրի մեկնարկը Հայաստանի կառավարության հետ, և հույս ունեմ, որ իշխանությունները կօգտագործեն այս հնարավորությունը բարեփոխումների խորացման համար», - ասել է Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ Հայաստանում այս առումով բարելավելու ենթակա շատ բան կա: Դրանց թվում է, օրինակ, արդարադատության համակարգի գործունեությունը, ինչը շատ կարևորվում է Եվրամիության կողմից: Արդարադատության համակարգը ամեն ինչի հիմքն է` քաղաքական արդարության, տնտեսական արդարության և սոցիալական համերաշխության:

«Կան այլ բաղադրիչներ, որոնք մեզ համար շատ կարևոր են: Օրինակ` խտրականության բացառման հարցը, գենդերային հավասարության հարցը: Սրանք շատ կարևոր են Եվրոպական միության համար, և մենք աշխատելու ենք քաղաքացիական հասարակության, իշխանությունների հետ, որպեսզի հասնենք փոփոխությունների: Եկեք անկեղծ լինենք` Հայաստանը դրական ճանապարհ է անցել, շոշափելի առաջընթաց արձանագրվել է: Բայց մենք գիտենք, որ կան թերություններ և պատրաստ ենք, որպես բարեկամ և գործընկեր, օգնել Հայաստանին բարելավելու իրավիճակը:

Ես ձեզ հավաստիացնում եմ, որ եթե ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ոլորտները լավ վիճակում լինեն, Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների ապագան պայծառ կլինի` անկախ այն բանից, թե Հայաստանը ինչ քաղաքական, տնտեսական միությունների է անդամակցում: Որովհետև մեզ համար հարաբերությունների իրապես կարևոր բաղադրիչը ընդհանուր արժեքների առկայությունն է: Դատելով Հայաստանի առաջնորդների հետ իմ զրույցներից՝ կարող եմ եզրակացնել, որ Հայաստանը ցանկանում է Եվրամիության հետ հարաբերություններ կառուցել՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա», - ասել է Սվիտալսկին:

Ըստ նրա՝ դա շատ բնական է, քանի որ հայերը օրգանապես եվրոպացիներ են, նրանք ընդունում են այն արժեքները:

«Հայաստանը եվրոպական քաղաքակրթության օրրաններից է եղել, և երբ ասում եմ՝ օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ, ես գիտեմ, որ հայաստանցիները ինձ շատ լավ են հասկանում, մենք նույն արժեքներն ունենք: Այլ բան է, թե ինչպես կարելի է անել, որ այդ արժեքները ամենօրյա գործածության մեջ դրվեն: Եվ ես կարծում եմ, որ մենք այստեղ առաջընթաց կարձանագրենք», - հավելել է նա:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---