ՀՀ-ում չաշխատող մայրերը մոտ 126.000 դրամ նպաստ կստանան 2016-ի հունվարից

ՀՀ-ում չաշխատող մայրերը մոտ  126.000 դրամ նպաստ կստանան 2016-ի հունվարից

PanARMENIAN.Net - 2016-ից առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաև չաշխատող մայրերին. շահառուների թիվը կանխատեսվել է 30.000, ծախսը՝ 3,9 միլիարդ դրամ: Այս մասին հայկտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Այստեղ ծրագրերի հստակ տրամաբանություն կա. մենք ունենք նախածննդյան, հետծննդյան արձակուրդ աշխատող մայրերի համար, և դրա շրջանակում վճարվում է հղիության և ծննդաբերության նպաստ: Փաստորեն ներմուծեցինք նպաստ չաշխատող մայրերի համար, նախատեսեցինք, որ նույն ժամանակահատվածի համար չաշխատող մայրերը, ունենալով ծննդօգնության հավաստագիրը, նաև կունենան այդ գումարի ստացման իրավունք, որը 2016-ի հունվարից կկազմի մոտ 126.600 դրամ», - ասել է նախարարը և նշել, որ բոլոր ապագա մայրերն ունենում են հստակ ֆինանսական աջակցություն պետության կողմից, գրում է Tert.am-ը:

Ինչ վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստին, ապա Ասատրյանը ասել է, որ այն տրվում է բոլորին՝ անկախ նրանից մայրն աշխատո՞ւմ է, թե ոչ, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրվում է ամսական նպաստ՝ 18.000 դրամի չափով, որը նախատեսված է աշխատող անձանց համար, ովքեր աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով արձակուրդում են գտնվում:

2014-ի սեպտեմբերի 25-ի նիստում Կառավարությունը հավանություն էր տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (2 տարվա փոխարեն), ինչպես նաև կրճատել հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը 2014-ի խնդրահարույց կետեր պարունակող բարդ նախաձեռնություններից մեկն էր:

Քաղաքացիների բարձրացրած աղմուկից ու ցույցերից հետո Կառավարությունը զիջումների գնաց. «Հանրապետական» խմբակցությունը նոյեմբերի 4-ի փակ նիստից հետո, որին մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ՝ կատարելով աշխատող կանանց վճարումները 100%-ով: Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ն ձայների 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակն ու կից ներկայացված օրենքների փաթեթը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---