Մեքենաների ապակիների թափանցելիությունը ստուգելու համար ՃՈ-ն վերազինվում է

Մեքենաների ապակիների թափանցելիությունը ստուգելու համար ՃՈ-ն վերազինվում է

PanARMENIAN.Net - ՀՀ ճանապարհային ոստիկանությունն այժմ տեխնիկական վերազինման աշխատանքներ է իրականացնում՝ մեքենաների ապակիների թափանցելիության չափը ստուգելու համար: Այդ մասին հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 4-ին հաղորդագրություն է տարածել, որում հորդորում է վարորդներին՝ իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2005-ի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված չափերին, իսկ առջևի հողմապակու և առջևի դռների թաղանթներն ընդհանրապես ապամոնտաժել (հեռացնել), այլապես Ճանապարհային ոստիկանությունն ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

«Երբ տեխնիկական հարցերը լուծվեն, ոստիկանությունը մեկ անգամ էլ հանդես կգա հայտարարությամբ, վարորդներին կտրվի խելամիտ ժամանակահատված թաղանթապատումը սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու համար, դրանից հետո միայն կհայտարարվի անցկացվող միջոցառումների մասին», - ասել է Ահարոնյանը, գրում է Panorama.am-ը:

Տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75%-ից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70%-ից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70%-ից ցածր:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամի) չափով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---