10 նոյեմբերի 2015 - 13:08 AMT
Սիրիահայ պատմաբան. Մոտ 1000 քեսաբահայ վերադարձել է տուն

Քեսաբի հայ բնակչության 40%-ը վերադարձել են` մոտ հազար հոգի: Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողներին հայտնել է սիրիահայ պատմաբան Գևորգ Յազճյանը՝ նկատելով, որ նրանց մեջ քիչ են երիտասարդները:

«Քեսաբում վերջին ժամանակաշրջանում բնակչությունն ավելացել է Հալեպից եկած հայերի շնորհիվ, քանի որ այսօր Քեսաբում համեմատաբար վիճակը կայուն է», - նշել է Յազճյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նա տեղեկացրել է, որ մինչ այժմ Սիրիայում զոհվել է 50 խաղաղ հայ քաղաքացի, ազգությամբ հայ 10 զինվոր սպանվել են բանակում, ևս 50 հայ քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

Անդրադառնալով Հալեպին, պատմաբանը նշել է, որ 45-50 հազարանոց հայկական գաղութից այնտեղ այժմ մնացել է կեսը, 15-17 հազար սիրիահայ վերադարձել են Հայաստան, նույնքան էլ՝ Բեյրութ. «Սիրիայի հայ բնակչության մի մասն էլ տեղափոխվել է երկրի հյուսիս-արևելք՝ քրդաբնակ շրջաններ, որտեղ նրանց բավական լավ են վերաբերում»:

Յազճյանը նշել է, որ նրանցից մի զգալի մասն էլ ընդհանրապես չի ծրագրում վերադառնալ ծննդավայր, քանի որ Սիրիայում կորցրել է ամեն ինչ, սակայն քիչ չեն նաև այն սիրիահայերը, ովքեր սպասում են վիզաների՝ հեռանալու Հայաստանից և հանգրվանելու օտար երկրներում:

2014-ի մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը Քեսաբում: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չեն եղել: