‎€10 մլն-ի վարկ՝ ՀՀ-ից Վրաստան ԷՀԳ-ի կառուցմանը. ԱԺ-ն վավերացրել է

‎€10 մլն-ի վարկ՝  ՀՀ-ից  Վրաստան ԷՀԳ-ի կառուցմանը. ԱԺ-ն վավերացրել է

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին վավերացրել է ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015-ի մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» 10 մլն եվրո ծավալով վարկային պայմանագիրը՝ Հայաստանից դեպի Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար նախատեսված:

10 մլն եվրոն կտրամադրվի «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համար: 105.2 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի 1-ին փուլի շրջանակում նախատեսվում է կառուցել Հայաստանի և Վրաստանի միջև առաջին 400 կՎ-անոց էլեկտրահաղորդման գիծը, որը շուրջ 3 անգամ կավելացնի երկու երկրների էներգահամակարգերի միջև հոսքերի թողունակությունը:

2015-ի մարտի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը: Առաջին փուլում ծրագրվում է Վրաստանի հետ սահմանակից Այրում ավանում 500/400/220 կՎ-անոց մշտական լարման կայան կառուցել, որին կմիացվեն բարձրավոլտ գծեր. վրացական կողմից՝ 500 կՎ՝ Մառնեուլից, հայկական կողմից՝ 400 կՎ՝ Հրազդանից (առաջին փուլում դրան կփոխարինի սահմանից ոչ հեռու գտնվող Ալավերդի քաղաքից 220 կՎ-անոց գործող գիծը): Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հրազդանից ոչ հեռու 400/220 կՎ-անոց ենթակայան կառուցել:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 4-ին հավանություն էր տվել «ՀՀ-ի և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար վարկային և ծրագրային համաձայնագրի (75 մլն եվրո)» նախագծին՝ լիազորելով ֆինանսների նախարարին ստորագրել այն: KfW-ն կվերաֆինանսավորի համաձայնագրի պայմանների համաձայն տրամադրվող վարկը՝ ցածր տոկոսադրույքով բյուջետային աջակցության այն ֆոնդերից տոկոսավճարների սուբսիդավորմամբ, որոնք Գերմանիան տրամադրում է զարգացման քաղաքականությանը համապատասխանության չափանիշներին բավարարող ծրագրերի համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---