Քոչարյան. ԵԱՀԿ ՄԽ-ն չի ցանկանում գնահատողի դեր խաղալ՝ վտանգելով հակամարտության կողմերի հետ հարաբերությունները

Քոչարյան. ԵԱՀԿ ՄԽ-ն  չի ցանկանում գնահատողի դեր խաղալ՝ վտանգելով հակամարտության կողմերի հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Օրեր առաջ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերությանը: Հարցազրույցը վարել է DW–ի ռուսական ծառայության լրագրող, երևանյան սեփական թղթակից Աշոտ Գազազյանը: Նոյեմբերի 17-ին DW–ն հրապարակել է այդ հարցազրույցը որոշակի կրճատումներով:

Խոսելով ԼՂՀ հիմնահարցի մասին, լրագրողը նկատել է, որ եթե նախկինում խոսք էր գնում «դիպուկահարների պատերազմի» մասին, ապա այժմ մարդիկ զոհվեցին առավել ծանր զինատեսակների կիրառումից: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք այդ սրացումը հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵՀԱԿ Մինսկի խմբի թուլության արտահայտություն է, ՀՀ նախկին նախագահը պատասխանել է.

«Ի՞նչ կապ ունեն այստեղ միջնորդները, եթե հակամարտության կողմերը կամ կողմերից մեկը բավարար չափով չի գիտակցում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Միջնորդները ստեղծում են ինչ-որ պլատֆորմ՝ հակամարտող կողմերի միջև շփման համար, փորձում են մշակել ինչ-ինչ առաջարկներ, որոնք, իրենց կարծիքով, կարող են լինել երկկողմանի ընդունելի: Շփման գծում մշտական դիտարկում չկա, և միջնորդները շատ զգույշ են իրենց գնահատականներում: Նրանք չեն ցանկանում գնահատողի դեր ստանձնել, թե ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ, ով առաջինը կրակեց, ով՝ պատասխանեց: Հակառակ պարագայում նրանք վտանգում են կորցնել հակամարտության կողմերի հետ ձեռք բերված հարաբերությունները», - ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով, միջնորդների՝ ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի թիկունքին կանգնած է Եվրամիությունը:

«Կարելի՞ էր միջնորդական առավել պատկառելի ձևաչափ մտածել: Դժվար թե: Այնպես որ խնդիրը հակամարտության կողմերի ակնկալիքների և մոտիվացիայի մեջ է: Ի՞նչ են նրանք ակնկալում կրակի դադարեցումից և ի՞նչ՝ հակամարտության կարգավորումից առհասարակ: Բավական է միայն նայել վերջին երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտոնական անձանց արած հայտարարությունները, և դրանցում կհնչեն պատասխաններն այն հարցերի, թե ինչու են այսօր կրակում շփման գծում, թե ինչու իրականում չկա կրակի դադարեցում և թե ինչու են օգտագործվող զինատեսակների տրամաչափերն աճում», - ասել է Քոչարյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է միջնորդների աշխատանքի վրա ազդում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակասությունը, որն առանձնապես սուր է զգացվում Սիրիային և Ուկրաինային վերաբերող հարցերում, ՀՀ նախկին նախագահը պատասխանել է, որ կարելի է ենթադրել, թե գործակցության էնտուզիազմը կնվազի, բայց Ռուսաստանն ու Արևմուտքը շարունակում են գործակցել մի շարք այլ ուղղություններով: Նա հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն այդ ուղղություններից մեկն է:

Պատասխանելով հարցին, թե ո՞վ կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացի վրա, ո՞րտեղ է դրված խնդրի խաղաղ կարգավորման բանալին՝ Մոսկվայու՞մ, Վաշինգտոնու՞մ, Քոչարյանն ասել է. « Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում»:

Հարցին, թե խաղաղ կարգավորման գործում ի՞նչ դերակատարում ունեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ՀՀ 2-րդ նախագահը ասել է.

«Կարո՞ղ եք բերել կոնֆլիկտի կարգավորման թեկուզ մեկ օրինակ, որտեղ առաջին դեմքերը չեն հանդիպում:

Կարծում եմ՝ ոչ մի հաջողված օրինակ չկա: Դրանք երբեմն գաղտնի բանակցություններ են ինչ-որ երկրի հովանավորությամբ, երբեմն էլ՝ տարբեր ֆորմատների բաց բանակցություններ միջնորդների հետ միասին, բայց դա անխուսափելի գործընթաց է: Եթե դա այսօր արդյունքներ չի տալիս՝ չի նշանակում, որ չպիտի լինի կամ՝ անիմաստ է: Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները չեն ուղեկցվում շփման գոտում լարվածության թուլացմամբ: Միևնույն ժամանակ, կարծում եմ՝ երբ կողմերից մեկը մտածում է՝ եթե սա խնդրի լիարժեք կարգավորման ճանապարհ չէ, այլ ուղղակի ինչ-որ ֆոն է ծառայելու, որպեսզի քիչ կրակեն, ապա հաստատ ավելի շատ են կրակելու: Նաև առավել քան համոզված կարող եմ ասել, որ եթե պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարություներն ընդամենը խոսքեր մնան՝ հաստատ ավելի շատ կկրակեն», - ասել է Քոչարյանը՝ նշելով, որ այժմ մի իրավիճակ է, որում կրակի իրական դադարեցումը կարող է պահպանվել կողմերի այն զգացողությամբ, որ կա ինչ-որ համաչափություն, կա ինչ-որ հավասարակշռություն և մեծամասշտաբ պատերազմը ռիսկային է:

Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---