Երևանում կարող է նոր էլեկտրակայան կառուցվել. $215 մլն-ի ներդրում է նախատեսվում

Երևանում կարող է նոր էլեկտրակայան կառուցվել. $215 մլն-ի ներդրում է նախատեսվում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստում հավանության է արժանացել Հայաստան և «ՌԵՆԿՈ» ՍՊԸ-ի միջև կնքվող` Երևան քաղաքի տարածքում «Համակցված շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

Նախագիծը գործադիրին ներկայացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ասել, որ ըստ համաձայնագրի «ՌԵՆԿՈ» ընկերությունը պարտավորվում է 4 ամսվա ընթացքում ստուգել էլեկտրակայանին վերաբերվող նախագծի իրականալիությունը և ձեռնարկել բոլոր միջոցները համապատասխան ֆինանսական գործիքներ սահմանելու համար, գրում է Tert.am-ը:

Նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում՝ «ՌԵՆԿՈ»-ն ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր:

Ըստ այդ պայմանագրի՝ ՀՀ կառավարությունը կաջակցի «ՌԵՆԿՈ»-ին «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի հարակից տարածքում ձեռք բերել հողատարածք՝ էլեկտրակայանի կառուցման համար: Իսկ ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել Էլեկտրակայանը:

Ծրագրի կյանքի կոչման համար կներդրվի $215 մլն:

Ըստ նախագծի՝ ՀՀ կառավարությունը պարտավորվում է էլեկտրակայանը կառուցելուց հետո 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության համար էլեկտրակայանին ապահովել անհրաժեշտ գազի մատակարարումը: «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է վաճառել ամբողջ էլեկտրաէներգիան ՀՀ կառավարությանը, իսկ վերջինս՝ երաշխավորում է դրա ձեռք բերումը՝ 6.62 ԱՄՆ ցենտ գնով՝ գումարած ԱԱՀ-ն և ցանկացած լրացուցիչ հարկ կամ տուրք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---