Ազգային պատկերասրահը ռեստավրացիոն սարքավորում ձեռք բերելու համար դիմել է ճապոնական գրանտի

Ազգային պատկերասրահը ռեստավրացիոն սարքավորում ձեռք բերելու համար  դիմել է ճապոնական գրանտի

PanARMENIAN.Net - Ազգային պատկերասրահի աշխատանքի համար ամենակարևորը ռեստավրացիոն կենտրոն ունենալն է՝ հագեցած լավ սարքավորումներով: Այս կարծիքի է պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Նա նշել է, որ իր ցանկությունն է Ազգային պատկերասրահը դարձնել գերժամանակակից մշակութային օջախ, ինչպես, օրինակ, Մատենադարանը, որը որևէ բանով չի զիջում աշխարհի լավագույն թանգարաններին:

«Սարքավորումը բավականին թանկ է, մենք հնարավորություն չունենք ձեռք բերել, դիմել ենք ճապոնական դրամաշնորհի», - ասել է տնօրենը, մեջբերում է Panorama.am-ը:

Նա հիշեցրել է, որ 2014-ին կրկին ճապոնական գրանտով ստացել են մի քանի սարքավորում, սակայն դա բավարար չէ: Ծատուրյանը նաև տեղեկացրել է, որ վերջերս այցելել էր Չինաստան ու պայմանավորվածություն է ձեռք բերել պատկերասրահի ռեստավրատորներին ուղարկել այդ երկիր՝ վերապատրաստման:

Հայաստանի Ազգային պատկերասրահն ունի առաջնային, երկրորդական, երրորդական, չորրորդական ֆոնդեր: Պատկերասրահի տնօրենի խոսքով, երրորդական և չորրորդական ֆոնդերում պահվող որոշ աշխատանքներ վեց ամսով կամ մեկ տարով տրվում են պետական գերատեսչություններին՝ իրենց շենքերի պատերի վրա ներկայացնելու համար, ինչը հնարավորություն կտա նաև տվյալ գերատեսչություններ այցելող մարդկանց տեսել արվեստի այնպիսի գործեր, որոնք գուցե երբևէ ֆոնդերից դուրս չհանվեն:

Ծատուրյանի խոսքով, նկարները տրվում են գերատեսչություններին մշակույթի նախարարի հրամանով: Նա նաև ասել է, որ իրենք են որոշում, թե որ նկարները պետք է տրվեն:

Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի 56 ցուցասրահում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Եվրոպական, ռուսական, հայկական և Արևելյան արվեստի սրահներում կարելի է ծանոթանալ Այվազովսկու, Սարյանի, Կանդինսկու, Դոնատելլոյի և նշանավոր այլ արվեստագետների ստեղծագործություններին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---