ԱԳ նախարար. ԼՂՀ հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության

ԱԳ նախարար. ԼՂՀ հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության

PanARMENIAN.Net - ԼՂՀ հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության: Այս մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Առավոտ» օրաթերթի այն հարցին, թե արդյո՞ք ԼՂ կարգավորումը քննարկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ, և եթե այո, ապա ի՞նչ համատեքստում:

«Ռուսաստանի արտգործնախարարի հետ մամլո ասուլիսի ժամանակ մենք թվարկեցինք այն թեմաներն ու ոլորտները, որոնք քննարկման առարկա էին եղել մեր միջև, դրանց թվում նշելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներից մեկն է, և մենք բարձր ենք գնահատում նրա և մյուս համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը», - ասել է Նալբանդյանը:

Նա նկատել է, որ Լավրովի հետ նա տարեկան մոտ մեկ տասնյակ հանդիպումներ է ունենում, թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով, ինչը բնական է՝ հաշվի առնելով երկու երկրների միջև դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները: Նալբանդյանի խոսքով՝ այդ հանդիպումներից յուրաքանչյուրի համար մամուլը կարող է տեղեկատվություն տարածել, թե քննարկվել են ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հարցեր, և հիմնականում շատ սխալված չի լինի: Որոշ բացառություններով հանդերձ, իհարկե, հարցը մշտապես գտնվում է երկկողմ քննարկումների օրակարգում: Դա բնական է:

Նալբանդյանը շեշտել է, թե այլ հարց է, երբ մամուլը փորձում է այդ քննարկումներին վերագրել մտացածին տարրեր, երբ մամուլը վկայակոչում է իր՝ այսպես կոչված բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։

«Դժվար է պատկերացնել, թե ինչ աղբյուրի վրա կարող են հղում կատարել՝ նկատի ունենալով, որ բանակցություններն ընթանում են բարձր մակարդակով և նեղ ձևաչափով: Ընդհանրապես ես խորհուրդ կտայի նման նուրբ հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ անելիս հենվել պաշտոնական տեղեկատվության վրա: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հինգ հայտարարություններ են արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Նրանք ներկայացնում են մեկ ամբողջություն, կընդգծեի՝ մեկ ամբողջություն հանդիսացող սկզբունքներ և տարրեր, որոնց վրա պետք է հիմնված լինի ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը: Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ մամուլում հրապարակվածը չի համապատասխանում համանախագահ երկրների ղեկավարների հրապարակած հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մոտեցումներին», - ասել է Նալբանդյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ արտգործնախարարն ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրիկարգավորման գործընթացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում:

Հարցին, թե Հայաստանում շարունակում է քննարկվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի կողմից բրիտանացի պատգամավոր Ուոլթերի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի հաստատումը, որը քննարկվելու է լիագումար նիստում. իրականում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս զեկույցի ընդունումը, ԱԳ նախարարը պատասխանել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ միջազգային կառույցներ, կազմակերպություններ չպետք է որևէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, և, որը, հատկապես, կարող է սրել լարվածությունը տարածաշրջանում:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ։ Սակայն միակ ձևաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է:

Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:

Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:

Նալբանդյանը նշել է, որ զեկուցողի անձը ևս խնդրահարույց է անաչառության տեսանկյունից։ Նա տարիներ շարունակ բրիտանական խորհրդարանում այսպես կոչված Ադրբեջանի բարեկամների խմբի կարկառուն անդամներից է եղել, իսկ այդ խումբը, բրիտանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, լայնորեն օգտվել է Բաքվի ֆինանսավորումից։ Եվ միգուցե հենց այս կարգի հանգամանքով է պայմանավորված, որ Ուոլթերը ԵԽԽՎ անդամի իր առաքելության ավարտից ընդամենը երկու օր առաջ աճապարել է ներկայացնել այդ շինծու զեկույցը:

«Թե որն էր նրա շահագրգռվածության դրդապատճառը՝ թողնենք ձեր դատին։ Կցանկանայի նաև հիշեցնել Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որտեղ այս կապակցությամբ ասվում է, որ բանակցությունների ձևաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են վնասել բանակցային գործընթացը և խոչընդոտել հանգուցալուծմանն ուղղված առաջընթացը: Այս զգուշացումը ԵԽԽՎ անդամները պետք է լրջորեն հաշվի առնեն։ Նույն կարծիքը հայտնեց Ռուսաստանի արտգործնախարարը Երևան իր վերջին այցելության ընթացքում, ով ասաց, որ համանախագահները կտրականապես դեմ են, որ հետևողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն փորձ արվի տեղափոխելու այդ խնդիրը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում», - ասել է Նալբանդյանը:

Հարցին, թե Ուոլթերի տխրահռչակ զեկույցից հետո մեկ այլ զեկույց էլ է պատրաստվում այդ նույն կառույցում՝ ԵԽԽՎ-ում, որը վերաբերվում է Սարսանգի ջրամբարին, և զեկույցի «Ադրբեջանի սահմանային շրջանները միտումնավոր զրկվում են ջրից» վերնագրից իսկ կարելի է ենթադրել, որ հակահայկական ուղղվածություն է ունենալու, արտգործնախարարը պատասխանել է, որդեռ 2013-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը բանաձևի նախագիծ էր ներկայացրել, որտեղ բողոքում էր, թե Ադրբեջանը զրկվում է Սարսանգի ջրերն օգտագործելու հնարավորությունից: ԵԽԽՎ նախագահն այն ժամանակ մերժեց ընթացք տալ այդ բանաձևին։ Հետագայում ինչ-ինչ պատճառներով ԵԽԽՎ-ում որոշում կայացվեց զեկուցող նշանակել և ուսումնասիրել խնդիրը:

«Իհարկե, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի կարող անաչառ և անկողմնակալ համարվել, եթե զեկուցողն այնտեղ այց չի իրականացրել` տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Հարց է առաջանում՝ ինչպես է զեկուցողը կարծիք կազմելու մի ջրամբարի մասին, որը չի էլ տեսել: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես արտահայտել են իրենց պատրաստակամությունը Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն օգտագործելու կապակցությամբ: ԵԽԽՎ զեկուցողը կարող էր նաև հնարավորություն ունենալ Արցախ իր այցելության ընթացքում այդ առաջարկի իրականացման տեխնիկական կողմերը քննարկել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ», - նկատել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ այս առումով հատկանշական է, որ զեկուցողն արդեն հասցրել է երկու անգամ այցելել Ադրբեջան։ Իսկ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները միայն ընդամենը երեք-չորս օր առաջ են ԵԽԽՎ քարտուղարությունից նամակ ստացել` զեկուցողին ընդունելու առաջարկությամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը դեռևս օգոստոսի 3-ին ԵԽԽՎ քարտուղարությանն ուղղված իր նամակում պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ընդունել ԵԽԽՎ զեկուցողին:

«Զեկույցը նախատեսվում է ներկայացնել ԵԽԽՎ Սոցիալական հարցերի հանձնաժողովում: Այսինքն՝ ի սկզբանե նախատեսված էր, որ այս զեկույցը չի կրելու քաղաքական բնույթ, այլ ունենալու է տեխնիկական ուղղվածություն: Հայկական կողմը բազմիցս կոչ է արել զեկուցողին, որը Բոսնիա-Հերցեգովինայի պատգամավոր է, մնալ այս տրամաբանության շրջանակներում և չքաղաքականացնել հարցը: Այնուամենայնիվ, մինչ այժմ զեկուցողի կողմից հապճեպ պատրաստած նախագծերում տեղ են գտել աղավաղումներ, որոնք հակասում են Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևակերպումներին: Այս զեկույցից Ուոլթերի զեկույցի հոտն է գալիս», - ասել է Նալբանդյանը:

Նա նկատել է, որ քանի որ Ադրբեջանի լոբբիստական ջանքերը այլ եվրոպական կառույցներում ձախողվում են, Բաքուն այստեղ իր նախաձեռնություններով փորձում է փրփուրներից կառչել։

ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորները հադես են եկել նախաձեռնությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։ Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է։ Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև։

Կարդացեք նաև՝ ՌԴ ԱԳՆ-ն «հանգստացնում է» հայկական ԶԼՄ-ներին. ԼՂ հարցում իրավիճակը սրելու կարիք չկա

Բաբայան. Արցախի մասին հակահայկական զեկույցը գնված է

ԼՂՀ ԱԳՆ. Արցախը պատրաստ է ընդունել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկուցողին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---