ԵՏՄ-ում չմաքսազերծվող ինտերնետ-առևտրի շեմը կարող է իջեցվել մինչև 22 եվրո

ԵՏՄ-ում չմաքսազերծվող ինտերնետ-առևտրի շեմը կարող է իջեցվել մինչև 22 եվրո

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը նոյեմբերի 23-ին կքննարկի մաքսազերծ ինտերնետ-առևտրի սահմանափակման տարբերակները, հայտնել են «Վեդոմոստին» և «Կոմերսանտը»:

Ըստ «Վեդոմոստիի», արտասահմանյան ինտերնետ-խանութներից ԵՏՄ անդամ երկրների առանց մաքսատուրքի ծանրոցների արժեքի շեմն առաջարկվում է նվազեցնել գործող 1000 եվրոյից մինչև 150 եվրո: Ընդ որում, ցանկացած արժեքի ծանրոցների համար ԵՏՀ-ն նախատեսում է ֆիքսված գանձում` 25 եվրո, գրում է թերթը:

ԵՏՀ աշխատանքային խմբի ղազախստանցի և բելառուս անդամները հիմնականում կողմ են արտահայտվել նախագծին, Հայաստանն իր դիրքորոշումը դեռ չի ներկայացրել, հայտնի է դառնում խմբի նիստի արձանագրությունից: «Կոմերսանտը» հայտնել է մաքսազերծ ապրանքների ներմուծման սահմանափակման այլ տարբերակների մասին:

Դրանցից մեկով նախատեսվում է 15 եվրո գանձում սահմանել 22-150 եվրո արժողությամբ և 1-10 կգ քաշով ծանրոցների համար: Այն ապրանքները, որոնց արժեքը կգերազանցի 150 եվրոն և (կամ) քաշը կգերազանցի 10 կգ, ենթակա կլինեն գանձման 15 եվրոյի չափով գումարած մաքսատուրքի 30%-ը, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո 1 կգ դիմաց:

Ըստ մեկ այլ սցենարի, որի մասին գրում է «Կոմերսանտը», մինչև 150 եվրո արժողությամբ և 10 կգ չգերազանցող ծանրոցների դեպքում կգանձվի 10 եվրո: Մնացած ծանրոցների համար գանձումը կկազմի 10 եվրո գումարած մաքսային արժեքի 30%-ը, սակայն ոչ պակաս քան 4 եվրո 1 կգ դիմաց:

Ըստ գործող կարգի ռուսաստանցիները կարող են մինչև 1000 եվրո արժողությամբ և մինչև 31 կգ քաշով ապրանքներ գնել արտասահմանյան ինտերնետ-խանութներից առանց մաքսատուրքի և գանձումների:

2014-ին ՌԴ գերատեսչությունները քննարկում էին ինտերնետ-խանութներից ծանրոցների մաքսազերծ ներմուծման սահմանափակման տարբերակները: Ֆինանսների նախարարությունն առաջարկում էր նվազեցնել այդ շեմը մինչև 150 եվրո, տնտեսական զարգացման նախարարությունը` մինչև 500 եվրո: Վերջնական որոշում չընդունվեց` ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ սկզբից պետք է մշակվի կանոնակարգման միասնական նորմ ԵՏՄ անդամ երկրների հետ: ԵՏՄ ներսում մաքսային սահմաններ չկան, ուստի, եթե սահմանափակում մտցվեր միայն ՌԴ-ում, ծանրոցներn ինտերնետ-խանութներից կփոխեին կողմնորոշումը դեպի Բելառուս, Ղազախստան և Հայաստան, որտեղից կրկին առանց մաքսատուրքի կներմուծվեին Ռուսաստան:

Մաքսային միության անդամ երկրներում մաքսազերծ ապրանքի ներմուծման շեմը նույնը չէ: Ղազաստանում այն մոտ 1000 եվրո է, Հայաստանում` 300 եվրո, Բելառուսում` 200 եվրո:

Շեմի նվազեցման հարցում շահագրգռված են խոշորագույն ռուսական ինտերնետ վերավաճառողները, ասել է թերթին ֆինանսատնտեսական բլոկի պաշտոնյան:

Արտերկրի ինտերնետ հարթակները սպանում են ռուսական շուկան, սակայն այս միջոցը կարող է հարվածել սպառողների շահերին, հայտարարել է Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի նախագահության ղեկավար Իլյա Լոմակին-Ռումյանցևը:

2015-ին առաջին կիսամյակում ռուսաստանցիներն արտասահմանյան առցանց խանութրներից ձեռք են բերել 65, 05 մլրդ ռուբլու ապրանք, հայրենականներից` 305 մլրդ ռուբլու, վկայում են Data Insight-ի տվյալները: Միջին չեկը արտասահմանյան առցանց խանութներում կազմում է մոտ 25 եվրո:

Ըստ East-West Digital News-ի, 2014-ին մոտ 15 մլն ռուսաստանցի գոնե մեկ անգամ գնում է կատարել արտերկրից համացանցի միջոցով: Գրեթե կեսը, ըստ GfK-ի, գնումներ է կատարել Չինաստանից:

Ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված ինտերնետ հարթակը 2014-ին եղել է AliExpress-ը (չինական Alibaba Group-ի անդամ), որի միջոցով գնումներ է կատարել օտարերկրյա խանութների հաճախորդների 59%-ը: 2013-ին այդ թիվը կազմում էր 37%: Երկրորդ տեղում էր eBay-ը 51%-ով, ասվում է «Յանդեքս. Մարկետ» և GfK հետազոտության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---