Դավութօղլու. Թուրքիան կարող է միջոցներ ձեռնարկել Սիրիայում թուրքմեններին պաշտպանելու համար

Դավութօղլու. Թուրքիան կարող է միջոցներ ձեռնարկել Սիրիայում թուրքմեններին պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառել, որ Անկարան կարող է միջոցներ ձեռնարկել Սիրիայում թուրքմեններին պաշտպանելու համար` չհստակեցնելով, սակայն, թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը:

Թուրքիայի ԱԳՆ-ն նոյեմբերի 20-ին հայտարարեց, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոք է հայտնվել Սիրիայի հյուսիսում ռուսական օդուժի կողմից իբր թուրքմենների բնակավայրերին հարվածներ հասցնելու կապակցությամբ: Anadolu գործակալությունն իր հերթին հայտնեց իր աղբյուրների վրա հղումով, որ Թուրքիան դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին` կոչ անելով ԱԽ նիստի շտապ քննարկմանը դնել ստեղծված իրավիճակը:

«Եթե գրոհները շարունակվեն, որի հետևանքով փախստականների ինտենսիվ հոսքը կլինի Թուրքիա, ապա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ ինչպես Սիրիայում, այնպես էլ Թուրքիայում: Մենք նաև անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ենք ձեռնարկում պաշտպանելու համար մեր եղբայրներին և քույրերին այնտեղ, որտեղ նրանք գտնվում են, և պաշտպանելու համար սեփական շահերը ի դեմս ցանկացած սպառնալիքի»,-ասել է Դավութօղլուն լրագրողներին: Ըստ Դավութօղլուի, թուրքմենների բնակության վայրում` Բայիրբուջակում, չկան ԻՊ գրոհայիններ: Նա հավելել է, որ մշտական կապի մեջ է Թուրքիայի գլխավոր շտաբի պետի և ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Ռուսական կողմը նման հայտարարությունները համարում է անհիմն և «տեղեկատվական պատերազմի» դրսևորում, քանի որ դրանք ամրագրված չեն ապացույցներով: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը չի ստացել ոչ մի պաշտոնական տեղեկություն Սիրիայում ռուսական ավիահարվածներից խաղաղ բնակիչների մահվան մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---