Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը ԵԽԽՎ օրակարգ է ներառվել

Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը   ԵԽԽՎ օրակարգ է ներառվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին ավարտվել է Եվրոպայի Խորհրդի Խորհդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հանձնաժողովի նիստը Փարիզում: Քննարկվել է Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ընդունելու հարցը:

Հայկական կողմը հանդես է եկել առաջարկով զեկույցը կասեցնել ու չընդունել օրակարգ, սակայն 9 «դեմ» և 16 «կողմ» ձայների հարաբերակցությամբ հայկական պատվիրակների առաջարկը մերժվել է:

ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում հայկական պատվիրակության կողմից ներկայացված են ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն ու ԲՀԿ-ական Վահան Բաբայանը:

Վերջինս տեղեկացրել է, որ թեև իրենց առաջարկին սկզբում հանձնաժողովի անդամները կողմ են արտահայտվել, սակայն քվեարկությունից հետո որոշվել է զեկույցը Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկել: «Մենք ամեն ինչ արեցինք, բայց թուրք-ադրբեջանական պատվիրակները մեզնից կշռով ավելին են: Տարատեսակ շահարկումներ լինում են, լինում են խոսակցություններ, բայց հաշվի առեք, որ մենք ընդամենը երկու պատվիրակով ենք ներկայացված հանձնաժողովում ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի և իրենց աջակցող պատվիրակների դիմաց, չնայած ունենք նաև մեզ աջակիցներ: Ինը հոգի հայկական կողմի առաջարկը պաշտպանեց, 16 հոգի դեմ եղավ». – պարզաբանել է նա, մեջբերում է Aravot.am-ը:

Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հեղինակ Միլիցա Մարկովիչը հանձնաժողովին ներկայացրել է, թե իբր Հայաստանը խոչընդոտում է իր այցին, և եթե ինքը մինչև հոկտեմբերի 31-ը չայցելի Հայաստան կամ Ղարաբաղ, ապա զեկույց կպատրաստի առանց այցելելու ՀՀ և Ղարաբաղ: Հայկական պատվիրակության անդամները և ղեկավարը հորդորել են Մարկովիչին պաշտոնական նամակ հղել ԼՂՀ իշխանություններին այցի վերաբերյալ, ինչին ի պատասխան զեկուցողը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ԼՂՀ-ն չճանաչված հանրապետություն է, և ինքը նամակ չի գրի:

ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորները հադես են եկել նախաձեռնությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։ Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է։ Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև։

2013-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործումը կարող են գործակցության հիմք հանդիսանալ ԼՂՀ և Ադրբեջանի համար:

«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Արցախի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար», - ասել էր նա:Սակայն, Ադրբեջանը շարունակաբար անտեսում է գործակցության կոչերը և Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը դարձնում է քարոզչական գործիք միջազգային կազմակերպություններում՝ հայտարարելով, որԱդրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի շրջակայքում մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի 1992-ի ամառային հարձակումը և ԼՂՀ Զինված ուժերի կողմից վերականգնվել է ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։

Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:

Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:

Կարդացեք նաև՝ ԼՂՀ ԱԳՆ. Արցախը պատրաստ է ընդունել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկուցողին

Ուորլիք. ԼՂ-ն և Ադրբեջանը կարող են գործակցել Սարսանգի ջրամբարից օգտվելու հարցում

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---