ԱՄՆ-ն մտադիր չէ մեղմացնել հակառուսական պատժամիջոցներն ԻՊ դեմ Մոսկվայի պայքարի դիմաց

ԱՄՆ-ն մտադիր չէ մեղմացնել հակառուսական պատժամիջոցներն ԻՊ դեմ Մոսկվայի պայքարի դիմաց

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները չեն մեղմացվի ծայրահեղական «Իսլամական պետության» դեմ նրա պայքարի դիմաց: Ըստ ՏԱՍՍ հաղորդագրության, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն և նրա գործընկերները «հենց սկզբից ասել են, որ ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են նահանջել, երբ որ ՌԴ-ն կատարի Ուկրաինայի գծով Մինսկի պայմանավորվածությունները»:

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը քայլեր չի անում ըստ իր պարտավորությունների: Ուստի պատժամիջոցներն էլ ուժի մեջ են մնում»,-ասել է Էռնեստը:

Նա նշել է, որ իրավիճակը չի խանգարում Վաշինգտոնին իր շահերը հետապնդել ազգային անվտանգության ոլորտում: Այն հարցին, թե Սպիտակ տունը կոնկրետ ինչ գործողություններ է ակնկալում Ռուսաստանից, Էռնեստն ասել է, որ հարկավոր է «ռազմական ռազմավարություն, որը համահունչ կլինի այն դիվանագիտական և քաղաքական ծրագրերին, որոնք իրենք հնչեցնում են»: Տվյալ դեպքում խոսքը Սիրիայում քաղաքական կարգավորման մասին է, որին ձգտում են բոլոր շահագրգռված երկրները, ներառյալ Ռուսաստանը:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
---