Իրանի աջակցությամբ Մեղրիի և Ագարակի գազի բաշխման ցանցի կառուցումը կմեկնարկի դեկտեմբերի սկզբին

Իրանի աջակցությամբ Մեղրիի և Ագարակի գազի բաշխման ցանցի կառուցումը կմեկնարկի դեկտեմբերի սկզբին

PanARMENIAN.Net - Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները շուտով կվերսկսվեն։ Այդ մասին նոյեմբերի 23-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ կայացած ընդունելության ժամանակ հայտնել է ծրագրի գլխավոր կապալառու՝ իրանական «Սաներջի» ընկերության կառավարիչ տնօրեն Հ. Զամանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների գազիֆիկացման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ «Սաներջի» ընկերության ղեկավարը նախարարին տեղեկացրել է, որ շարունակվում է անհրաժեշտ սարքավորումների և նյութերի տեղափոխումը Հայաստան։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն դեկտեմբերի առաջին տասնօրյակում։

Կարևորելով ծրագրի իրականացման սոցիալական նշանակությունը՝ Երվանդ Զախարյանը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագացնել գազիֆիկացման ծրագրի շինարարությունը, այն իրականացնել սահմանված ժամկետում և բարձր որակով, հայտնում է ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել էին Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա է վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի իրականացումն ընդհատվել էր՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---