Ֆրանսիայի վարչապետ. ԵՄ-ն պիտի կասեցնի փախստականների հոսքը, այլապես` կփլուզվի

Ֆրանսիայի վարչապետ. ԵՄ-ն պիտի կասեցնի փախստականների հոսքը, այլապես` կփլուզվի

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը կոչ է արել Եվրամիության երկրներին կասեցնել փախստականների հոսքը Մերձավոր Արևելքից, քանի որ արդյունքում դա կարող է հանգեցնել Եվրամիության փլուզմանը:

«Մենք արդեն չենք կարող այդքան փախստականներ ընդունել Եվրոպայում, դա անհնար է»,-հայտարարել է Վալսը Sueddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում: Նա ասել է, որ արտաքին սահմանների հսկողութունը վճռական դեր ունի ԵՄ ճակատագրում: «Եթե մենք դա չանենք, մարդիկ կասեն. բավական է»,-հավելել է նա:

Վալսը կարծում է, որ հազարավոր միգրանտներ առանց հսկողության ընդունելու փոխարեն, ԵՄ-ն պետք է լուծում գտնի Սիրիայի հարևանների` Թուրքիայի, Լիբանանի և Հորդանանի հետ, որպեսզի նրանք ընդունեն և ավելի շատ փախստակններ պահեն իրենց տարածքում: Հակառակ դեպքում Եվրոպան հարցականի տակ կդնի իր սահմաններն արդյունավետ վերահսկելու ունակությունը, հայտնում է «Նովի ռեգիոն» գործակալությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առաջարկել է փակել թուրք-սիրիական սահմանը` զերծ պահելու համար ԵՄ երկրները ներգաղթյալների անվերահսկելի հոսքից: «Հարկավոր է որքան հնարավոր է արագ փակել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի ոչ մի ահաբեկիչ չկարողանա Եվրոպա հասնել և ահաբեկչական գործողություններ կատարել»,-ասել է նա: Ըստ Օլանդի, ներգաղթյալների հարցը հիմնականներից է Եվրոպայում և անհապաղ լուծում է պահանջում:

ԵՄ թվային տնտեսության գծով հանձնակատար Գյունտեր Էթթինգերը Handelsblatt-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Գերմանիան պետք է փոխի միգրացիոն օրենսդրությունը: Ըստ նրա, միգրանտների հետ կապված խնդիրների պատճառը հենց գերմանական օրենսդրությունն է, որը «մագնիսի պես ձգում է ներգաղթյալներին»: Հեռանկարում, կարծում է նա, միգրանտներն ավեի քիչ դրդապատճառներ կունենան ԳԴՀ ձգտելու համար:

Ինչպես հայտնում է «Գերմանական ալիքը», Էթթինգերը կոչ է արել փոփոխություններ կատարել Գերմանիայի սահմանադրության մեջ: «Քանի դեռ դա չի արվել, մնում է մի այլընտրանք. 1 մլրդ եվրո հատկացնել փախստականների ճամբարներ Թուրքիայում և այլ երկրներում կառուցելու համար»,-ասել է եվրահանձնակատարը:

Նա կարևորել է նաև սահմանների պատշաճ հսկողությունը: «Մեզ հարկավոր է սահմանին ոչ թե 500, այլ 5 000 աշխատակից ունենալ»,-ասել է նա:

Միգրանտների հարցում շտապ միջոցների կողմնակից են նաև Շվեդիան և Նորվեգիան: Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեվենը հայտարարել է, որ Ստոկհոլմը մտադիր է միջոցներ ձեռնարկել կրճատելու համար ներգաղթյալների հոսքը և հավասար բաշխելու համար փախստականներին ԵՄ երկրների միջև: Լեվենը խոստովանել է, որ «Շվեդիան այլևս ի վիճակի չէ նույն ծավալով փախստականների ընդունել»:

Ավելի վաղ Շվեդիայի միգրացիոն վարչությունը հայտնել էր, որ այլևս չի կարող կացարանով ապահովել փախստականներնի: Շվեդիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարեց, որ երկրում նախատեսվում է 20 օրով երկարացնել արդեն գործող սահմանային հսկողությունը:

Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը նոյեմբերի 24-ին հայտարարել, է, որ Նորվեգիան սահմանային հսկողություն կսահմանի Շենգենի գոտու ներսում փախստականների հոսքի պատճառով: Նոյեմբերի 26-ից ոստիկանությունը կսկսի ստուգել Դանիայից, Գերմանիայից և Շվեդիայից Նորվեգիա ժամանող մարդկանց փաստաթղթերը:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---