Ֆրանսիացի երգիծաբանը ազատազրկվելու է 2 ամսով ՝ հակասեմականության և Հոլոքոստը հերքելու համար

Ֆրանսիացի երգիծաբանը ազատազրկվելու է 2 ամսով ՝ հակասեմականության և Հոլոքոստը հերքելու համար

PanARMENIAN.Net - Բելգիայի Լյեժ քաղաքի դատարանը ֆրանսիացի կատակերգու Դիոդոնե Մ’Բալա Մ ’Բալային դատապարտել է 2-ամսյա ազատազրկման և 9.000 եվրո տուգանք նշանակել՝ ատելություն հրահրելու մեղադրանքով:

Դերասանը մեղավոր է ճանաչվել իր խտրական, հակասեմական և Հոլոքոստը հերքող արտահայտություններով ռասիստական գաղափարներ տարածելու համար։ Անձամբ կատակերգուն նիստին չի ներկայացել, նա կարող է բողոքարկել դատարանի որոշումը, Deutsche Welle-ին հղումով գրում է Tert.am-ը:

Մբալայի արտահայտությունը բելգիական Հերսթալ քաղաքում հնչել է 2012-ին, դատավորներն այն համարել են ատելություն հրահրող և հրեաների հանդեպ բռնություն կիրառելու կոչ և նշել, որ, կոչ անելով քրիստոնյաներին և մուսուլմաններին միավորվել՝ հրեաներին սպանելու համար, դերասանը ցեղասպանություն է հրահրել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ֆրանսիայի դեմ երգիծաբան Դիոդոնե Մ’Բալա Մ’Բալայի ներկայացրած հայցը, որով նա պնդում էր, որ խախտվել է իր ազատ արտահայտման իրավունքը։ Գործով որոշումը ՄԻԵԴ կայքում հրապարակվել է նոյեմբերի 10-ին: Որոշումը վերջնական է: Երգիծաբանը վիրավորել է անձին կամ անձանց խմբին՝ նրանց էթնիկ համայնքի պատկանելության, ազգային, ռասայական, կրոնական պատկանելության համար։ Տվյալ դեպքում վիրավորանքն ուղղված էր հրեաների դեմ։

Գործում նշվում է, որ 2008-ի դեկտեմբերի 26-ին Փարիզի Զենիթ համալիրում շոուի ավարտին Դիոդոնեն հրավիրել է Հոլոքոստը, գազային խցերի առկայությունը ժխտող ֆրանսիացի գրող, պրոֆեսոր Ռոբեր Ֆորիսոնին և նրան հանձնել «հանդգնության մրցանակ»։

Տրված մրցանակն ունեցել է 3 ճյուղով մոմոկալի ձև, որոնցից յուրաքանչյուրի վրա եղել է խնձոր։ Այս մրցանակը Ֆորիսոնին Դիոդոնեն հանձնել է գծավոր պիժամայով, որը կրում էին հրեա տեղահանվածները, որի վրա էլ փակցված է եղել դեղին աստղ՝ «հրեա» բառով։ Դատարանը գտել է, որ այս վիրավորական ներկայացումը չի կարող դիտվել որպես զվարճանք, այլ նման է քաղաքական ժողովի, որը, կատակերգության ներքո խթանում է ժխտողականությունը: ՄԻԵԴ կարծիքով՝ սա այն ներկայացումը չէր, անգամ եթե այն դիտվի երգիծական կամ սադրիչ, որը կարող է ընկնել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատություն, պաշտպանության տակ։ Այն իրականում այս գործի հանգամանքներում ատելության և հակասեմականության դրսևորում էր, ինչպես նաև Հոլոքոստի ժխտմանն աջակցություն։

Դատարանն այսպիսով եզրակացրել է, որ Դիոդոնե Մ ’Բալա Մ ’Բալան ձգտում էր շեղել հոդված 10-ն իր իրական նպատակից՝ օգտագործելով իր արտահայտման իրավունքն այնպես, ինչը անհամատեղելի է Կոնվենցիայի տառին և ոգուն։ Դատարանը անընդունելի է համարել Դիոդոնեի հայցը՝ նշելով, որ գործի ընդունումը կնպաստեր Կոնվենցիայի իրավունքների և ազատությունների ոչնչացմանը։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին որոշում ընդունեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Դատարանը եզրակացրել է, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի՝ ազատ խոսքի իրավունքը: Եվրոպական դատարանը Փերինչեքի գործով վճիչը կայացրել է դատավորների 10 կողմ և 7 դեմ ձայնի հարաբերակցությամբ: Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը կասկածի տակ չառավ 1915-ի ցեղասպանության պատմական փաստը: Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005-ի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել էր 1915-ին և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը:Մասնավորապես, իր ելույթներում Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»:

2007-ի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռից հետո ՄԻԵԴ-նն անդրադարձել է հարցին, թե չկա՞ արդյոք այս դատավճռի ու Հոլոքոսթի ժխտման դեպքերի վերաբերյալ դատավճիռների միջև հակասություն. ՄԻԵԴ-ը նշում է, որ դատավճիռը ոչինչ չի փոխում դատարանի՝ Հոլոքոստը ժխտող արտահայտություններին տրված գնահատականի մեջ: Դատարանը և նախկին հանձնաժողովը քննել են 10-րդ հոդվածին առնչվող՝ Հոլոքոստը կամ նացիստական հանցագործությունները ժխտող մի շարք դեպքեր, բոլորը՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեմ, և նման դեպքերում բոլոր հայցադիմումներն անընդունելի հայտարարել:

Նման մոտեցումը դատարանը պայմանավորում է նրանով, որ Հոլոքոստի ժխտողականությունը հատկապես վտանգավոր է երկրներում, որոնք իրենց վրա զգացել են նացիստական սարսափները և որոնք բարոյական պատասխանատվություն ունեն հեռու մնալու մասսայական վայրագություններից, որոնք իրենք են իրականցրել կամ դրդել, կամ, ի թիվս այլ բաների, քրեականացրել դրանց ժխտումը: Ի հակադրություն այդ օրինակի, Շվեյցարիայի և Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների միջև ուղիղ կապ չի եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---