ՌԴ գյուղնախարարությունը խախտումներ է հայտնաբերել ներկրվող թուրքական ապրանքներում

ՌԴ գյուղնախարարությունը խախտումներ է հայտնաբերել ներկրվող թուրքական ապրանքներում

PanARMENIAN.Net - ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ թուրքական գյուղմթերքի մոտ 15 տոկոսը չի համապատասխանում ռուսական նորմերին: Հաղորդագրությունը տեղադրվել է նախարարության կայքում:

«Վերջին շրջանում մեզ դիմում են սպառողներն ու ոլորտի միությունները Թուրքիայից ՌԴ ներկրվող գյուղմթերքի և պարենամթերքի անվտանգության հարցով: ՌԴ գյուղնախարարությունը վերլուծել է իրավիճակը, և ես տեղեկացրել եմ ՌԴ կառավարությանը, որ, ցավոք, թուրքական գյուղմթերքի 15 տոկոսը չի համապատասխանում ռուսական նորմերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Տկաչովի, տարեսկզբից Թուրքիայից ներկրված մսամթերքի մեջ 40 անգամ վնասակար նյութեր են հայտնաբերվել: Խախտումներ են հայտնաբերվել նաև մրգերոմ և բանջարեղենում` գերազանցված է պեստիցիդների, նիտրատների և նիտրիտների թույլատրելի քանակը, ասել է Տկաչովը, հայտնում է «Դոժդը»:

Թուրքական 2 ընկերությունների համար լաբորատոր հսկողությունն ուժեղացվել է:

Նախօրեին «Կոմերսանտին» հայտնի դարձավ, որ Ռուսաստանը կարող է սահմանափակել ապրանքների ներկրումը Թուրքիայից: Ձուկ ներկրողներից մեկը հայտնել է, որ մաքսակետում հետ են ուղարկում որոշ մեքենաներ:

2014-ին ՌԴ և Թուրքիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 31 մլրդ դոլար, իսկ 2015-ի 9 ամսում` ավելի քն 18 մլրդ դոլար: Թուրքիան ՌԴ է առաքում մասնավորապես ցիտրուսներ, խաղող, լոլիկ, ավելի քիչ քանակությամբ` ձուկ և հրուշակեղեն:

Մինչդեռ Սիրիայի օդային տարածքում ռուսական կործանիչի խոցումից հետո ծագած ոուս-թուրքական ճգնաժամի պատճառով Ռուսաստանն արգելում է թուրք գործարարների մուտքը երկիր, գրում է Ermenihaber-ը:

Թուրքական «Aksam» թերթի փոխանցմամբ՝ շրջագայության նպատակով Մոսկվա մեկնած և մեծամասամբ գործարարներից բաղկացած թուրք ուղևորներին չի տրվել Ռուսաստան մուտքի արտոնագիր: Պատճառաբանվել է, որ նրանք խախտել են կանոնակարգը: Արդյունքում հետ են ուղարկվել: Ռուսաստան կարող են այցելել միայն բնակության կամ աշխատանքի իրավունք ունեցող թուրքերը:

Ստամբուլի տեքստիլ և հագուստ արտահանողների միության նախագահ Հիքմեթ Թանրըվերդին ասել է, որ իր ստացած տեղեկությունների համաձայն, Ռուսաստան մեկնած որոշ թուրք գործարարներ չեն կարողացել մուտք գործել Թուրքիա, իսկ մի մասն էլ ստիպված է եղել ժամերով սպասել օդանավակայանում:

Նոյեմբերի 25-ին Մոսկվայից Ստամբուլ վերադարձած Մեհմեթ Շերիֆ Յըլդըզը պատմել է, որ Ռուսաստան էր մեկնել 3 օր առաջ հարսանիքի մասնակցելու նպատակով, և հետդարձին անձնագիրի ստուգումը տևել է ավելի երկար, քան նախկինում: «Վերադառնալիս մեզ համար դժվարություններ ստեղծեցին: Մեր անձնագրերը վերցնելով՝ մեզ դուրս արեցին և սպասեցրին՝ ասելով, թե խնդրիներ են առաջացել»,-պատմել է Յըլդըզը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---