ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի մասին զեկույցում կա «ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» եզրույթը

ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի մասին զեկույցում կա «ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիա»  եզրույթը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին հրապարակվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հանձնաժողովի կողմից ընդունված և արդեն ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձևի նախագծի տեքստը:

Այն կրում է «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագիրը: Հեղինակը Բոսնիայի և Հերցեգովինայի պատվիրակ Միլիցա Մարկովիչն է: Նախագծում հղում է կատարվում ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիային՝ ընդունված 1992-ին, որտեղ ջրային ռեսուրսների օգտագործման իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից: Փաստաթղթում ամրագրված է, որ Վեհաժողովը սահմանում է, որ ջրի հասանելիությունը չի կարող սահմանափակվել սահմաններով, և այն դիտարկվում է որպես կյանքի աղբյուր և ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր անդամ երկրի համար:

Բանաձևի նախագծում կա նաև «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» եզրույթը, գրում է Aravot.am-ը:

Մասնավորապես նշված է. «Վեհաժողովն իր ափսոսանքն է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հարակից այլ շրջանների օկուպացիան համանման շրջակա միջավայրի խնդիր է ստեղծում նաև Դաշտային Ղարաբաղի հովտում ապրող բնակչության համար»:

Փաստաթղթում ներկայացված է, որ Սարսանգի ջրամբարն իբր գտնվում է «Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից» և դրա՝ ոչ բավարար մակարդակի պահպանությունը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար:

Նախագծում ամրագրված է նաև այն, որ Սարսանգի ջրամբարի ոչ բարենպաստ վիճակը կարող է հանգեցնել տարածաշրջանային խոշոր աղետի, որի արդյունքում կարող են մեծ մարդկային կորուստներ լինել:

Բանաձևի նախագծի «պահանջներ» բաժնում նշվում է, որ պետք է հայկական զինված ուժերը դուրս բերվեն նշված շրջաններից, անկախ փորձագետներին հնարավորություն տրվի հետազոտել ջրամբարի իրավիճակը, համաշխարհային մակարդակով հետազոտություն իրականացվի Սարսանգի և Մատաղիսի ջրամբարների ոռոգման խողովակներում:

Նաև կոչ է արվում ՀՀ իշխանություններին դադարեցնել ջրային այս ռեսուրսի օգտագործումը որպես քաղաքական ազդեցություն և հակամարտող միայն մեկ կողմի շահերի սպասարկման համար գործիք: Փաստաթղթում ամրագրված է նաև, որ Վեհաժողովը դատապարտում է հայկական պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին զեկույցի պատրաստման ընթացքում զեկուցողի հետ չհամագործակցելու մեջ: Վեհաժողովն այս վերաբերմունքը համարում է անհամատեղելի որպես ԵԽ անդամ երկիր՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ:

Նոյեմբերի 20-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչին:

«Նոյեմբերի 16-ին մենք նամակ ենք ստացել ԵԽԽՎ Քարտուղարության գլխավոր տնօրեն Մարիո Մարտինսի կողմից՝ Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ ԼՂՀ կատարելիք այցին աջակցելու խնդրանքով։ Պատասխան նամակում մենք նշել ենք, որ չնայած զեկույցի անվանման և նրա պատրաստման գործընթացի առնչությամբ մեր ունեցած լուրջ վերապահումներին ու նկատառումներին, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ-ի հետ համագործակցությանը»,- նշել է Սարգսյանը:

Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի՝ միաժամանակ ընդգծվել է Սարսանգի ջրամբարի հարցի քաղաքականացման ցանկացած փորձի անթույլատրելիությունը։

2013-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործումը կարող են գործակցության հիմք հանդիսանալ ԼՂՀ և Ադրբեջանի համար:

«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Արցախի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար», - ասել էր նա:Սակայն, Ադրբեջանը շարունակաբար անտեսում է գործակցության կոչերը և Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը դարձնում է քարոզչական գործիք միջազգային կազմակերպություններում՝ հայտարարելով, որ Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի շրջակայքում մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի 1992-ի ամառային հարձակումը և ԼՂՀ Զինված ուժերի կողմից վերականգնվել է ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։

Կարդացեք նաև՝ Ուորլիք. ԼՂ-ն և Ադրբեջանը կարող են գործակցել Սարսանգի ջրամբարից օգտվելու հարցում

ԼՂՀ ԱԳՆ. Արցախը պատրաստ է ընդունել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկուցողին

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---