ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը՝ Թուրքիայի կառավարության ծրագրում

ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը՝ Թուրքիայի կառավարության ծրագրում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հրապարակված 64-րդ կառավարության ծրագրում Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցումը շարունակում է արտաքին քաղաքական գերակայությունը լինել, որը որպես ռազմավարական նպատակ՝ ոչ թե այլընտրանք է դիտվում արտաքին քաղաքականության այլ ուղղություններին, այլ լրացնող և ամբողջացնող գործոն:

Ըստ այդ ծրագրի՝ Թուրքիան շարունակելու է տեսլականի վրա հիմնված բազմաշերտ ու բազմակողմ արտաքին քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում ու ուղղություններով: Արտաքին քաղաքական առաջնահերթություններից է բանակցային ճանապարհով Կիպրոսի հիմնախնդրի կարգավորումը և միջազգային հանրության շարքում Կիպրոսի թուրք ժողովրդի իրավունքների ամրագրումը, գրում է Panorama.am-ը:

Ծրագրում նշվել է նաև Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության մասին: Ըստ դրա՝ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղ ճանապարհով Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների «գրավմանը» վերջ տալու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թոթափման ուղղությամբ։

«Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը։ Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ շահերի և գործակցության կայացմանը միտված բազմակողմ քայլերի պատրաստակամություն, արդար հիշողության հայեցակարգին չհակասող, պատմական ուսումնասիրության վրա հիմնված հեռատեսություն մեր նախաձեռնություններին ընդառաջ։ Կովկասում խաղաղության, կայունության ու բարօրության մթնոլորտի հաստատումը հնարավոր է միայն այդ ճանապարհով», - ասված է ծրագրում:

Կարևորվել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի ազդեցիկ ու բազմակողմ քաղաքականությունը, տարածաշրջանում հակամարտությունների ու ճգնաժամերի լուծման ուղղությամբ ջանքերի գործադրումը, Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման, Իրաքում քաղաքական կայունության և տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերի շարունակումը:

Շարունակվելու են դաշնակից ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների հարցով փոխադարձ շահերի ու վստահության մթնոլորտում համագործակցությունը: Ռուսաստանը դիտվում է որպես «կարևոր գործընկեր և տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից կարևոր դերակատար, ում հետ հարաբերությունների դինամիկան կապվածէ լայն աշխարհագրության հետ, որի կենտրոնում գտնվում է Թուրքիան:

Կառավարության ծրագրում ասված է. «Թուրքիան ջանքեր է գործադրելու առաջիկա ժամանակաշրջանում Ռուսաստանի հետ հատկապես էներգետիկ և տնտեսական ոլորտում փոխադարձ զգայունությունների հարգման ու համատեղ շահերի վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նոյեմբերի 24-ին հրապարակել է նոր կառավարության կազմը՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից դրա հաստատումից հետո:

փոխվարչապետ է նշանակվել ֆինանսների նախկին նախարար Մեհմեթ Շիշմեքը, մյուս փոխվարչապետի պաշտոնը պահպանել է Թուղրուլ Թյուրքեշը, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը նշանակվել է էներգետիկայի նոր նախարար, Վոլքան Բոզքըրը կրկին նշանակվել է Եվրամիության գործերով նախարար, Մևլութ Չավուշօղլուն վերադարձել է արտգործնախարարի պաշտոնին, որը ժամանակավոր կառավարության կազմում զբաղեցնում էր Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Վերջին տասնամյակում մի շարք առանցքային, այդ թվում՝ փոխվարչապետի, արտգործնախարարի, էկոնոմիկայի նախարարի պաշտոնները զբաղեցրած Ալի Բաբաջանը Թուրքիայի նոր կառավարությունում ընդգրկված չէ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---