ՀՀ-ում 2015-ին ՄԻԱՎ-ի 334 դեպք է գրանցվել

ՀՀ-ում 2015-ին ՄԻԱՎ-ի 334 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտման եվրոպական նախաձեռնության շրջանակում անցկացրել է «Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» խորագրով ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» ծրագրի շրջանակում ՀԵՀ մարզային կենտրոնները նոյեմբերի 20-27-ը համապատասխան իրազեկման միջոցառումներ են անցկացրել բոլոր մարզերում, տեղերի կրթական հաստատություններում։ Հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքում։

Ծրագրի ղեկավար Նարինե Մեժլումյանը տեղեկացնում է, որ Երիտասարդական հիմնադրամն արդեն երրորդ տարին է եվրոպական նախաձեռնության շրջանակներում իրականացնում նման ծրագիր, ու նկատելի է, որ ՄԻԱՎ-ի մասին բնակչությունն ավելի շատ է տեղյակ, քան հեպատիտների։

2013-ին աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմել է մոտ 35 միլիոն, մահացել է մոտ 1,5 միլիոն ՁԻԱՀ-ով հիվանդ։

Մեժլումյանը տեղեկացրել է, որ Հայաստանում իրավիճակը 1988-ից ի վեր, երբ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի առաջին դեպքը, մինչև 2015-ի հոկտեմբերի 31-ը 2.194 ՄԻԱՎ դեպք է հայտնաբերված, որից 334-ը՝ 2015-ին։ 1988-ից առ այսօր 493 մահվան դեպք է ՀՀ-ում արձանագրվել, որոնց մեջ կան կանայք և երեխաներ։

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ այս թվերը ստիպում են մտածել այն մասին, որ բնակչությանը պետք է իրազեկել, որպեսզի մարդիկ ժամանակին հետազոտվեն, իմանան հիվանդությունների կանխարգելման միջոցները, վարեն առողջ ապրելակերպ։

«Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» ծրագրի շրջանակում հանդիպում է կազմակերպվել նաև Երևանի ավագ դպրոցների աշակերտների հետ։

Հայաստանի Հանրապետությունը հեպատիտ B-ի և C-ի առումով համարվում է միջին տարածվածության գոտի։ Հայաստանի բնակչության 2-3 տոկոսն ունի խրոնիկ հեպատիտ B վիրուսակրություն և մոտ 4%-ը՝ խրոնիկ հեպատիտ C վիրուսակրություն։

Սրանք այն հիվանդություններն են, որոնք ըստ Մեժլումյանի, եթե վաղ հայտնաբերվեն, կարող են բուժվել։ Հեպատիտ C-ն այսօր արդեն 90% և ավելի դեպքերում հնարավոր է լիարժեքորեն բուժել, իսկ հեպատիտ B-ն, եթե խրոնիկ ձև ունի, չի բուժվում վերջնականորեն, սակայն համապատասխան բուժման միջոցով երկարացվում է կյանքը, և մարդը կարող է տասնյակ տարիներ ապրել՝ ավելի փոքր դարձնելով լյարդի ցերոզի և քաղցկեղի առաջացման ռիսկը։

Աշխարհում տարեկան 1,4 միլիոն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցերոզից ու քաղցկեղից։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ շուրջ 240 միլիոն մարդ խրոնիկ վարակված է հեպատիտ B վիրուսով, 130-150 միլիոնը՝ հեպատիտ C-ով։ Տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 միլիոն նոր դեպք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---