Լուկաշենկո. Մինսկը պատրաստ է առաջ տանել Ադրբեջանի շահերը ԵՏՄ-ում

Լուկաշենկո. Մինսկը պատրաստ է առաջ տանել Ադրբեջանի շահերը ԵՏՄ-ում

PanARMENIAN.Net - Մինսկը պատրաստ է առաջ տանել Ադրբեջանի շահերը ԵՏՄ-ում: Այսպիսի հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին: Ալիևը Բելառուսում է գտնվում պաշտոնական այցով:

«Ադրբեջանը եղել և մնում է Բելառուսի հուսալի գործընկերը: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամությունն ու պատրաստ ենք նույնքան անկեղծ ու բացահայատ աջակցել ձեր շահերի առաջխաղացմանը ԵՏՄ-ում»,-ասել է Բելառուսի նախագահը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ հնարավոր են համարում Ադրբեջանի անդամակցումը ԵՏՄ-ին: Հոկտեմբերի 26-ին հերթական անգամ այդ մասին հայտարարեց Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար Սևինջ Հասանովան: «Մենք հնարավոր ենք համարում մասնակցությունն այն միություններին, որոնք շահավետ են Ադրբեջանի համար: Դրա համար պետք է վերլուծել նման կազմակերպություններին անդամակցելու բոլոր առավելություններն ու թերությունները»,-ասել է նա: Ավելի վաղ նման հայտարարություն էր արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Այսօրվա բարդ իրավիճակում մեր պետությունները, բարեբախտաբար, թույլ չտվեցին փոխադարձ ապրանքաշրջանառության զգալի նվազում: Այնուամենայնիվ, ժամանակը արագ և արդյունավետ լուծումներ է պահանջում տնտեսական փոխգործակցության սերտացման համար, այդ թվում երրորդ երկրնրի շուկաներում»,-ասել է Լուկաշենկոն: Ըստ Լուկաշենկոյի, նեղ կազմով բանակցություններում «պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության կոնկրետ ուղղությունների մասին` ռազմարդյունաբերությունից մինչև նավթի վերամշակում»:

2015-ի հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին:

Ադրբեջանը սերտ տնտեսական կապեր ունի ԵՏՄ անդամ երկրների մեծ մասի հետ, սակայն կարող է անդամակցել Եվրասիական միությանը միայն Հայաստանի համաձայնության դեպքում, իր հերթին հայտարարեց Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: «Ադրբեջանը կարող է միանալ ԵՏՄ-ին միայն 2 դեպքում. եթե Հայաստանը տա իր համաձայնությունը, կամ եթե Հայաստանն ինքն այս կամ այն պատճառով որոշի դուրս գալ այդ ինտեգրացիոն միավորումից: Ակնհայտ է, որ և մեկը, և մյուսը հնարավոր է միայն տեսականորեն: Առնվազն, տեսանելի ապագայում»,-հավելել է փորձագետը:

Ավելի ուշ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը չի քննարկվում: «Այժմ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը չի քննարկվում: Հայաստանն ԵՏՄ անդամ է և յուրաքանչյուր երկիր իր դիրքորոշումն ունենալու իրավունք ունի, իսկ նման որոշումները կայացվում են փոխզիջումային հիմքով»,-ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---