ՀՖՖ նախագահ. Եթե 2018-ի ԱԱ-ում հավաքականը ձախողվի, հրաժարական կտամ

ՀՖՖ նախագահ. Եթե 2018-ի ԱԱ-ում հավաքականը ձախողվի, հրաժարական կտամ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան շարժումի հետ:

Ֆան շարժման անդամները շոշափել են ֆուտբոլասերներին հուզող մի շարք հարցեր, որոնցից առաջնայինները տոմսերի գնային քաղաքականույթունն էր և ազգային ընտրանու ապագա գլխավոր մարզչի հարցը:

Հայրապետյանը հայտնել է նաև, որ ամենայն հավանականությամբ արդեն դեկտեմբերին հայտնի կդառնա ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Նա նշել է, որ արտասահմանում աշխատող միակ մասնագետը, ում դիտարկում է այդ պաշտոնում, ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն է: Պաշտոնյան հայտնել է, որ նախկինում այդ մասնագետին 2 անգամ առաջարկել է գլխավորել ազգային ընտրանին, սակայն Տեր-Զաքարյանն անձնական պատճառներով մերժել է հրավերները: Հայրապետյանն ասել է, որ պատրաստվում է երրորդ առաջարկն անել ֆրանսիական թիմի մարզչին:

Նա խոսել է նաև իր պաշտոնավարման մասին.

«Եթե աշխարհի 2018-ի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ:

Հայաստանի առաջնությունում տոտալիզատոր է մտել, նաև այդ աղբը պիտի փորձեմ մաքրել:

Ավելի ասեմ, եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, ես հրաժարական կտայի: Ուղղակի ինձ թասիբի են գցել. պետք է աշխատեմ»:

Նոյեմբերի 25-ին մի շարք ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը,մասնավորապես, հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի` Ալբանիայի ընտրանու հետ հանդիպման խաղի ժամանակ որոշ ֆուտբոլիստների կողմից եղել է խաղի դավաճանություն, սակայն չի նշել կասկածվող ֆուտբոլիստների անունները:

Որպես ավելի վաղ արած հայտարարության հավելում` Հայրապետյանն ընդգծել է նաև, թե ինչ է նկատի ունեցել` ասելով դավաճանություն. «Դավաճանություն բառին պետք է խորությամբ նայել: Դա այն է, երբ ֆուտբոլիստը, կրելով ազգային հավաքականի խաղաշապիկը, խաղերին չի նվիրվում, մարզումներին լրջությամբ չի մոտենում»:

Անդրադառնալով տոմսերի գներին Հայրապետյանը նշել է, որ առաջիկա շրջափուլից այդ հարցն ամբողջությամբ կարգավորվելու է: Հաշվարկվել են տոմսերի վաճառքային մանրամասներ, որոնց հիման վրա կազմվել են հետագա անելիքները: Նշվել է, որ հավաքականի որևէ հավատարիմ երկրպագու գնային որևէ խնդիր չի ունենալու:

Հանդիպանը ներկա ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն իր հերթին հայտնել է, որ մեծ հավանականություն կա առաջիկա ընտրական փուլից հավաքականի խաղերին աբոնեմենտների համակարգի ներդրումը, գրում է Armsport.am-ը:

Խոսելով մարտին Երևանում սպասվող Հայաստանի ընտրանու ընկերական խաղի մասին, Հայրապետյանը տեղեկացրել է, որ ըստ ամենայնի, մեր թիմի մրցակիցը կլինի Ուզբեկստանի հավաքականը:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստների հայտարարությանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Կառլեն Մկրտչյանը ու Հրայր Մկոյանը հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու ՀՖՖ նախագահի մամլո ասուլիսին արձագանքող հայտարարությամբ են հանդես եկել:

«Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու», - ասվում է Armfootball.com-ի տարածված հայտարարության մեջ:

«Եթե ասեմ, որ հավաքականի արձագանքին չէի սպասում, կհավատայի՞ք: Իհարկե սպասում էի, որ հավաքականը կարձագանքի: Հենց իրենց արձագանքն էլ ուզում էի լսել: Մի քիչ շատ արագ արձագանքեցին, բայց ոչինչ: Եթե հիշում եք, հենց ես ասացի, որ ցանկանում եմ հունվարին հանդիպում կազմակերպել ֆուտբոլիստների հետ՝ խոսելու բոլոր հարցերի շուրջ և նրանցից ստանալու հստակ ու վերջնական պատասխաններ: Ես եմ ասել, որ տղաների հետ բազմաթիվ խնդիրներ կան քննարկելու: Մենք դրանք կքննարկենք, հանգիստ եղեք: Ոչ մեկի խորհուրդ չեմ տա իրենց շահերի համար խցկվել մեր արանքը», - ասել է Հայրապետյանը, գրում է Aravot.am-ը:

Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած Ալբանիայի դեմ խաղի առաջին երկու գոլը գրանցվել էին Կամո Հովհաննիսյանի ու Ռոբերտ Արզումանյանի ինքնագոլերից հետո։ Տեղեկությունը, թե ալբանական կողմը գնել է հայ ֆուտբոլիստներին, խաղից հետո սկսեցին տարածել ալբանական ու սերբական ԶԼՄ-ները։ Հայաստան-Սերբիա հանդիպումը Եվրո-2016-ի որակավորման փուլի I խմբի վերջին խաղն էր: Հայաստանի հավաքականի դեմ հաղթանակից հետո Ալբանիայի հավաքականը վաստակեց 14 միավոր և, շրջանցելով Դանիային, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելով: Հոկտեմբերի 13-ին սերբական Kurir.rs պարբերականը գրել էր, որ ՈւԵՖԱ-ն պատրաստվում է հետաքննել Հայաստան-Ալբանիա (0-3) հանդիպումից հետո տարածված լուրերը, թե ալբանացիները 500․000-ական եվրո են վճարել հայ 4 ֆուտբոլիստի խաղը հանձնելու և իրենց երկրի հավաքականին հաղթանակ ապահովելու համար։

UEFA-ն՝ մեկնաբանելով լուրերը, հայտնել էր PanARMENIAN.Net ին, որ կոնկրետ խաղի համար մեկնաբանություն չունի ու հետաքննություն է սկսում միայն եթե որևէ արտասովոր բան է բացահայտվում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---