ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 10 ամսում նվազել է 20,4%-ով

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 10 ամսում նվազել է 20,4%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է $3 900,9 մլն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 20,4%-ով: Այս տվյալները հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության կայքում:

Ըստ պաշտոնական տվյալների, արտահանումը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է $1 223,4 մլն` նվազելով 2,2%-ով, իսկ ներկրումը` $2 677,5 մլն` նվազելով 26,6%-ով: Արդյունքում արտաքին առևտրաշրջանառության բացասական բալանսը կազմել է $1 454 մլն:

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու շրջանում կազմել է մոտ $1 149,8 մլն` 29,5%: Նվազումը կազմել է 17,3%, ընդ որում առևտուրը Ռուսաստանի հետ կազմել է $989,7 մլն ` նվազելով 14,8%-ով: Ուկրաինայի հետ առևտրի ցուցանիշը $106,1 մլն է` անկումը 37,1%, Բելառուսի հետ` մոտ $26,1 մլն`անկումը 19,5%:

ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ $998,6 մլն` 25,6%, այստեղ անկումը հասնում է 24,3%-ի, իսկ մյուս երկրների հետ` $1 752,5 մլն` 44,9%, անկումը` 19,9%, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ըստ վիճակագրական տվյալների, արտահանման ամենամեծ ծավալները գրանցվել են հետևյալ ոլորտներում. լեռնահանքային արդյունաբերություն` մոտ $387,3 մլն (աճը`23%), պատրաստի սննդամթերքի արտադրություն` $244 մլն (անկումը`10,7% ), ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտադրություն` մոտ $192,8 մլն (անկումը`24,2% ):

Միևնույն ժամանակ, ըստ վիճակագրական տվյալների, 2015-ի հունվար-հոկտեմբերին ներմուծվել են հիմնականում հետևյալ ապրանքատեսակները. լեռնահանքային արտադրություն` $561,3 մլն (անկումը` 19,1%), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` $321,7 մլն (անկումը` 31,7%), պատրաստի սննդամթերք` $263,2 մլն (անկումը` 12,4%), քիմիական արտադրություն` $243,6 մլն (անկումը` 16,3%):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---