Ոստիկանությունն ուժեղացնում է ծառայությունը. Հավաքների մասնակիցներին կոչ է արվում գործել օրենքի սահմանում

Ոստիկանությունն ուժեղացնում է ծառայությունը. Հավաքների մասնակիցներին կոչ է արվում գործել օրենքի սահմանում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի սկզբին Երևանում նախատեսված հավաքների անցկացման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ուժեղացված ծառայություն է իրականացնելու: Դրանում, մասնավորապես, ասված է.

«ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել. 1. Հավաքների մասնակիցների և այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջիկա օրերին ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի բոլոր պահանջներին համապատասխան:

2. ՀՀ ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, մշակել և վերլուծել հավաքների անցկացման ընթացքում որոշակի անձանց կողմից սադրիչ կամ անօրինական գործողություններ կատարելու հավանականության մասին տեղեկություններ, ինչպես նաև ձեռնարկում է այդպիսի գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված անհրաժեշտ օպերատիվ միջոցներ:

3. Հանրային անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանության նկատառումներից ելնելով, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքների կազմակերպիչներին՝ խստորեն պահպանել ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանները, բարեխղճորեն կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, հարգել այլոց սահմանադրական իրավունքները, ազատությունները և իրավաչափ շահերը:

4. ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքների կազմակերպիչներին, կարգադրիչներին և մասնակիցներին՝ աևհրաժեշտության դեպքում գործակցել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ, մասնավորապես, նրանց անմիջապես հայտնել իրենց կողմից նկատված ցանկացած կասկածելի երևույթի կամ վարքագծի վերաբերյալ:

5. ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և վերաբերելի այլ իրավական ակտերի պահանջների խախտման, ինչպես նաև սադրիչ կամ անօրինական գործողությունների կատարման փաստեր արձանագրելու դեպքում կիրառելու է հանրային միջոցառումների մասնակիցների և այլոց անվտանգության ապահովմանն ուղղված ու առկա իրավիճակից թելադրվող անհրաժեշտ, համաչափ և հասանելի ցանկացած միջոց:

6. ՀՀ ոստիկանությունը հայտնում է նաև, որ հարկադրանքի կիրառման անխուսափելի անհրաժեշտության դեպքում առաջնահերթությունը տրվելու է կանխարգելող և խափանող անհատական միջոցներին, ներառյալ՝ սակայն չսահմանափակվելով հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը կոպտորեն խախտող անձանց հավաքի անցկացման վայրից անհապաղ հեռացնելով, ի գիտություն ընդունված իրազեկումների պայմաններից շեղվող առարկաների կամ տեխնիկական միջոցների օգտագործումն արգելելով և այլն:

7. ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է լրացուցիչ պարզաբանումներ տալ հավաքների կազմակերպիչներին՝ ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանների պահպանման կապակցությամբ:

8. ՀՀ ոստիկանությունն ապահովելու է յուրաքանչյուր անձի կողմից իր պահանջները բարձրաձայնելու, հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու պատշաճ հնարավորությունը և լիահույս է, որ հանրային միջոցառումների անցկացմամբ հետապնդվում են միայն իրավաչափ նպատակներ, իսկ դրանց հասնելու համար գործածվելու են բացառապես օրինական միջոցներ ու եղանակներ»:

Նոյեմբերի 30-ին ոստիկանությունում անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով զինված հանցախմբի օրերս տեղի ունեցած վնասազերծմանը, դրական է գնահատել ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությունն այդ պատասխանատու և վտանգավոր գործողությանը:

Միաժամանակ, ոստիկանության պետը մտահոգություն է հայտնել հանրության որոշ խմբերի գնահատականի վերաբերյալ և զգոնության ու անաչառության կոչ արել:

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Գործով կալանավորվել է 21 անձ:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և մասնակիցների անվտանգության ապահովման խնդիրներին և, անդրադառնալով այդ միջոցառումների կազմակերպիչների՝ ոստիկանությանն ուղղված հայտարարությանը՝ տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցումներ է տվել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և ծառայության կազմակերպման ուղղությունների վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---