Ադրբեջանի ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները մուտք են գործել Նարդարան

Ադրբեջանի ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները մուտք են գործել Նարդարան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները մուտք են գործել Բաքվից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նարդարան ավան, որտեղ անցած շաբաթ հավատացյալների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել: Ավելի քան 9 հազար բնակիչ ունեցող Նարդարանը վերջին մի քանի օրերին լիակատար շրջափակման մեջ էր հայտնվել, գյուղը հոսանքազրկվել էր, դադարեցվել էր նաև գազի մատակարարումը:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունները դեկտեմբերի 1-ին գործողության մեկնարկից քիչ անց հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորաբար նշված էր․ - «Զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր առգրավելու նպատակով Նարդարան ավանում հատուկ գործողություն է մեկնարկել, որը գտնվում է անձամբ նախագահ Իլհամ Ալիևի հսկողության ներքո: Գործողության ընթացքի մասին երկրի ղեկավարին պարբերաբար զեկուցվում է»:

Վաղ առավոտյան արդեն համացանցում տեսագրություններ հայտնվեցին, որոնցում հստակ երևում էր, թե ինչպես է ներքին զորքերի շարասյունը մեծ արագությամբ շարժվում Նարդարանի ուղղությամբ: Տեղական կայքերը նաև մի լուսանկար հրապարակեցին, որից պարզ էր դառնում, որ Ապշերոնի թերակղզու հյուսիսում գտնվող այս բնակավայրում ծավալված գործողությանը մասնակցում է անգամ Ադրբեջանի Կասպիական նավատորմը: Minval.az կայքի տեղեկություններով՝ առնվազն մեկ ռազմանավ ծովից արգելափակել էր Նարդարանը:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքում հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ ընթացող խուզարկություններին նաև կին հատուկ ջոկատայիններ են մասնակցում, ինչը թերևս պատահական չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նարդարանցի հավատացյալ կանայք վերջին օրերին ոստիկանության հետ դիմակայության ակտիվ մասնակիցներն էին: Ադրբեջանում բավական հաճախ հնչող կարծիք կա, որ երկրի տարածքում շիա մահմեդականության գլխավոր կենտրոններից մեկը հանդիսացող Նարդարանն իրականում գտնվում է Իրանի իշխանությունների ազդեցության ներքո:

Այս մեղադրանքները հերքելու նպատակով էր թերևս, որ հատուկ գործողությանը զուգահեռ, Բաքվում Իրանի դեսպանությունը հարկ համարեց հանդես գալ հատուկ հայտարարությամբ:

«Իրանը մշտապես և սկզբունքորեն դեմ է արտահայտվել որևէ խնդիր բռնությամբ լուծելուն: Իսլամական հանրապետությունը ցանկանում է, որպեսզի բարեկամ երկրներում խաղաղություն և կայունություն լինի: Եթե իհարկե Ադրբեջանի պաշտոնական մարմինները ապացուցեն, որ Իրանը միջամտում է երկրի ներքին գործերին, ապա այդ փաստերը միանշանակորեն հետաքննվելու են: Մենք, սակայն, համոզված ենք, որ նման փաստեր և ապացույցներ գոյություն չունեն», - նշված է Իրանի դեսպանության հայտարարության մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

«Տարածաշրջանում, մասնավորաբար հարևան պետությունների հանդեպ Իրանի որդեգրած արտաքին քաղաքականությունը հիմնված է նախևառաջ բարիդրացիության, կառուցողական համագործակցության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա: Այդ քաղաքականությունը գործնականում ևս կիրառվում է», - նշում են իրանցի դիվանագետները:

Բաքվից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս շրջանը հայտնի է իր խիստ իսլամապաշտ բնակչությամբ։ Խորհրդային տարիներից ի վեր մոտ 10 հազար բնակչություն ունեցող շրջանը կառավարվում է ավագների խորհրդի կողմից, որը չի ենթարկվում տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նարդարանի և պաշտոնական Բաքվի միջև լարվածությունը գագաթնակետին է հասել նոյեմբերի 26-ին, երբ ցերեկային նամազի ժամանակ Ադրբեջանի իրավապահները ներխուժեցին ավան, ինչն էլ հարուցեց հավատացյալների դժգոհությունը։ Ըստ ոստիկանության՝ հավատացյալները հարձակվել են իրավապահների վրա, զինված դիմադրություն են ցույց տվել, ինքնաձիգից կրակել են, ոստիկաններն էլ պատասխան կրակ են բացել:

Կարդացեք նաև՝ Ադրբեջանական Նարդարանը շրջափակման մեջ է. Լարվածությունը պահպանվում է

Ադրբեջանական դատախազությունը պաշտոնական հայտարարությամբ պնդել է, որ Նարդարանի արմատական իսլամական զինված խումբը սադրանքների շարք էր նախապատրաստում՝ ահաբեկչական գործողություններ և զանգվածային անկարգություններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---