Ոստիկանությունը «Նոր Հայաստանի» դեմ վարչական վարույթ սկսելու միջնորդությամբ դիմել է քաղաքապետարան

Ոստիկանությունը «Նոր Հայաստանի» դեմ   վարչական վարույթ սկսելու միջնորդությամբ դիմել է քաղաքապետարան

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունն ապօրինի (իրազեկման պայմանների խախտմամբ) երթ կազմակերպած անձանց նկատմամբ վարչական վարույթ սկսելու միջնորդությամբ դիմել է Երևանի քաղաքապետին:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2015-ի դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի կազմակերպիչները, շարունակելով զարգացնել սադրանքներ տարածելու և ՀՀ ոստիկանության հետ բախումներ հրահրելու՝ վերջին օրերին դրսևորած իրենց վարքագիծը, հերթական անգամ նախաձեռնել և իրականացրել են օրենքի՝ իրենց նախապես պարզաբանված պարզ և հստակ պահանջները խախտող մի շարք գործողություններ:

Դեկտեմբերի 1-ից Հիմնադիր խորհրդարանը, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունը ընդգրկող «Նոր Հայաստան» միավորումն Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների դեմ և իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաք են անցկացնում:

Քաղաքային իշխանությունը մշակույթի նախարարությանն էր վկայակոչել, թե վրանները կարող են վնասել հուշարձանը:

Ըստ ոստիկանության՝ մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանը, ի հեճուկս ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի դիրքորոշման և ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումների, հրահանգել է Ազատության հրապարակում վրան տեղադրել, ինչի իրավաչափ կանխումը ոստիկանների կողմից հանգեցրել է չարդարացված լարվածության առաջացման և քաշքշուկի, որի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների օրինական գործողությունների իրականացման համար:

« Բացի այդ, հավաքի մասնակիցներին երթի կոչ անելուց հետո, հավաքի կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանը չի ենթարկվել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների իրավաչափ պահանջներին և հրաժարվել է հայտնել երթուղին՝ միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է պատասխանատվության ենթարկվել թույլ տրված խախտումների համար: Ավելի ուշ պարզվել է, որ հավաքի կազմակերպիչները խախտելով նախապես տրված իրազեկմամբ նշված երթուղին, շարժվում են դեպի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ավելին, նույն օրը անցկացված հավաքի ընթացքում դրա կազմակերպիչները հնչեցրել են հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ աղերս չունեցող և իրավախախտման հատկանիշներ պարունակող տարաբնույթ գործողություններ կատարելուն ուղղված բազմաթիվ կոչեր, մասնավորապես, հորդորել են առաջիկա օրերին «արգելափակել փողոցներ», «շրջապատել շենքեր», «այցելել պետական կառույցներ» և այլն», - ասվում է հաղորդագրությունում:

ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով հանդուրժողականության և համաչափության սկզբունքներից բխող իր գործելակերպին, հավաքների կազմակերպիչներին հերթական անգամ հորդորում է հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, ձեռնպահ մնալ արկածախնդիր գործողություններից, օրենքի ուղղակի խախտումները քաղաքացիական անհնազանդության դրսևորումներով քողարկելուց, անպատասխանատու հայտարարություններ տարածելուց:

Ըստ ոստիկանության՝ նման վարքագիծը այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վտանգ է ստեղծում, այդ թվում՝ սպառնում է հավաքի մասնակիցների և ոստիկանների անվտանգությունը:

ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

Հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում իսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---