Ոստիկանությունն արձագանքել է 9/11 ընտրատեղամասի ցուցակներում այլ համայնքներում հաշվառված անձանց մասին ահազանգին

Ոստիկանությունն արձագանքել է 9/11 ընտրատեղամասի ցուցակներում այլ համայնքներում հաշվառված անձանց մասին ահազանգին

PanARMENIAN.Net - Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ 9/11 ընտրական տեղամասի ցուցակներում առկա են այլ համայնքներում հաշվառված անձինք:

Ինչպես պարզաբանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է իրավական հնարավորություն, համաձայն որի համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված դիումները ներկայացնելու վերջնաժամկետը 2015 թվականի նոյեմբերի 29-ն էր:

9/11 ընտրական տեղամասի՝ ըստ գտնվելու վայրի քվեարկելու լրացուցիչ ցուցակում ընդգրկված են 81 անձինք, ովքեր բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են այլ համայնքներում: Ընդ որում, նշված ցուցակում չեն կարող ընդգրկվել Երևան համայնքում հաշվառված անձինք, քանի որ ՀՀ ընտրական օրենգիրքը բացառում է նույն համայնքի տարածքում ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորություն (Երևանը մեկ համայնք է): Անհրաժեշտ է նշել ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ:

Վերը նշված նորմի պահանջները ապահովելու նկատմամբ հանրային վերահսկողություն կիրառելու համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված են հստակ մեխանիզմներ: Մասնավորապես, հիմնական և լրացուցիչ ցուցակները փակցվել են տեղամասերում, դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել ամբողջական ցուցակները և համոզվել, որ անձի տվյալները ընդգրկված են միայն մեկ տեղ և մեկ ցուցակում:

ՀՀ ոստիկանությունը ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պարբերաբար հրապարակել է քվեարկությանը մասնակցող անձանց ընդանուր թիվը, այդ թվում նաև լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը՝ ըստ լրացուցիչ ցուցակների տեսակների: Կոչ ենք անում հրապարակումներ տարածելուց առաջ հետևել ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավական մեխանիզմներին:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մեկնարկից սկսված ՀՀ ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 4 ահազանգ, իսկ 27-ի մասին տեղեկացել են ԶԼՄ-ից, կատարվում է ուսումնասիրություն։ Այս մասին այսօր ԿԸՀ լրատվական կենտրոնում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը, փոխանցում է tert.am-ը։

«Նշված դեպքերից 5-ը քվեարկելուն ուղղորդելու դեպքերն են, 4-ը` լրագրողական գործունեության խոչընդոտման վերաբերյալ դեպքեր, 4-ը՝ դիտորդական առաքելության խոչընդոտման, 3-ը՝ ընտրակաշառքի փորձի։ Սրանցով կատարվում են ուսումնասիրություններ, դրանից հետո կուղարկվեն համապատասխան տարածքներ ու լրացուցիչ կտեղեկացվի»,-ասաց նա։

Իսկ մինչև դեկտեմբերի 6-ը ՀՀ ոստիկանությունը ստացել է խախտումների մասին 25 ահազանգ,որոնք հիմնականում եղել են զանգվածային լրատվական միջոցների կողմից։

«Նրանցից յոթը վերաբերել են ընտրակաշառքներին, ինը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, երկուսը՝ հանրահավքը կամ քարոզարշավը խոչընդոտելուն, մեկը՝ ընտրացուցակների անճշտությունների հետ, մեկը՝ կողմերի միջև ընդհարման մասին, մեկն էլ ընտրողների թվաքանակի վերաբերյալ։ Նշված դեպքերով 3-ով հարուցվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում, մեկը՝ քննարկման համար ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն, 17 դեպքով այս պահին կատարվում քննություն»,-եզրափակեց ոստիկանության փոխգնդապետը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---