Կիլիկիո կաթողիկոսության Քուվեյթի թեմն ու առաջնորդարանը նոր կալվածքում կհաստատվեն

Կիլիկիո կաթողիկոսության Քուվեյթի թեմն ու առաջնորդարանը նոր կալվածքում կհաստատվեն

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Քուվեյթի թեմի կաթողիկոսական փոխանորդ ծայրագույն վարդապետ Մասիս Զոպույանի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը, որի կազմում էին նաև Քուվեյթի թեմի ազգային վարչության և Երեսփոխանական ժողովի ներկայացուցիչներ, հայտնել է, որ հետևողական աշխատանքի արդյունքում թեմը ձեռք է բերել մեծ հնարավորություններ ընձեռող մի շինություն, որտեղ պետք է հաստատվեն եկեղեցին և առաջնորդարանը: Տարիներ շարունակ եկեղեցին և առաջնորդարանը գործել են այլ շենքում, սակայն սեփականատերը պարտադրված եղել հրաժարվել կալվածքից, ուստի հարկ եղավ նոր շենք գտնել: Այս անգամ սակայն թեմը հանդես է գալիս որպես շենքի սեփականատեր, որի դիմաց վճարվել է 735.000 քուվեյթական դինար (2.4 մլն դոլար): Ներքին հարդարման և կահավորման համար նախատեսված է 150.000 քուվեյթական դինար (0.5 մլն դոլար): Թեմը պարտավորվել է մինչև 2016-ի փետրվարի ավարտն իր նյութական պարտավորությունները կատարել կալվածատիրոջ նկատմամբ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել այդ կարևոր նախաձեռնության վերաբերյալ: Նա հույս է հայտնել, որ Քուվեյթի և շրջակա թեմի, ինչպես նաև Պարսից ծոցի հայերը և մասնավորապես այլ շրջաններում հաստատված քուվեյթահայերը իրենց գործուն մասնակցությունը կունենան կալվածքի գնման և կահավորման ծախսերին:

Հայերը Քուվեյթում հաստատվել են 1950-ական թվականներից՝ այստեղ գալով Իրաքից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից ու Հորդանանից։ Համայնքը ձևավորվել է 1954թ-ից, երբ հայերի թիվն անցել է 1000-ը, ստեղծվել է առաջին համայնքային կառույցը՝ Ազգային վարչությունը։ 1956 թ-ից համայնքն անցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո և 1961 թ-ից ունի մնայուն հոգևոր հովիվ։ 1963 թ-ին կառուցվել է եկեղեցի-հանդիսասրահ։ 1982 թ-ին Էնտուզ Էլ Քուվեյթում ստեղծվել է Քուվեյթի և Պարսից ծոցի երկրների թեմ։ 1958 թ-ից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, 1961 թ-ից՝ Հայ ազգային վարժարանը, որն ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ։ Մինչև Ծոցի պատերազմը (1991 թ.) համայնքը շարունակաբար ստվարացել է՝ հասնելով մինչև 10-12 հզ-ի։ Գործել են ֆուտբոլի խումբ, «Սեպումյան» թատերախումբը, երկսեռ երգչախմբեր և այլն։ Պատերազմի պատճառով հայերը զանգվածաբար հեռացել են Քուվեյթից։ Ներկայումս Քուվեյթում հայերի թիվը 5.000 է որոնց գերակշիռ մասն ապրում է մայրաքաղաքում։ Առավելապես արհեստավորներ են ու մանր առևտրականներ, կան նաև պետական ծառայողներ ու մտավորականներ։ Գործում են Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցին, վարժարան՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---