Օհանյանը Կասպրշիկին հայտնել է Ադրբեջանի կողմից տանկ կիրառելու մասին

Օհանյանը Կասպրշիկին հայտնել է Ադրբեջանի կողմից տանկ  կիրառելու մասին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և դրան հաջորդող օրերի ընթացքում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների և հայկական կողմի պատասխան գործողությունների մասին: Մասնավորապես, Օհանյանն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի կողմից իրավիճակը հետևողականորեն ապակայունացնելու վերաբերյալ՝ նշելով, որ նախորդ օրը ադրբեջանական կողմը ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ առաջին անգամ կիրառել է տանկային կրակ՝ 125մմ հրանոթներից, ինչը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում:

Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար, հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Դեսպան Կասպիշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:

Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարիպահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ապակայունացնող գործողությունները անպատիժ չեն մնալու և ստեղծված իրադրության հետևանքները լինելու են ծանր ու անդառնալի, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---