Երթևեկության որոշ կանոններ կփոփոխվեն. Տուգանքների վերացում մանր խախտումների ու քրեական պատիժ՝ անսթափ վարելու համար

Երթևեկության որոշ կանոններ կփոփոխվեն. Տուգանքների վերացում մանր խախտումների ու քրեական պատիժ՝ անսթափ վարելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել երևեկության կանոնների մի շարք փոփոխություններ, որոնք նախատեսում են պատժի մեղմացում մի շարք խախտումների համար ու խստացում՝ որոշ այլ խախտումների դեպքում:

Ինչպես կառավարության նիստի ընթացքում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես, խաչմերուկների հատման կանոնները խախտելու, գծանշումների պահանջները խախտելու ու մեկ տասնյակից ավել այլ խախտումների դեպքում տուգանքը փոխարինել նախազգուշացումով, եթե խախտումները վթարային իրավիճակ չեն ստեղծել ու միտումնավոր չեն եղել: Նախարարը տեղեկացրեց, որ համապատասխան կայքում ամսվա կտրվածքով տեղադրվելու են մեքենա վարող քաղաքացու իրավախախտումները՝ կցված վիդեոտարբերակով: «Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու տեսնել, թե ամսվա ընթացքում ինքը քանի իրավախախտում է կատարել և դրանց համար նախազգուշացվել է: Ծանուցում չի ուղարկելու, որովհետև իրավական հետևանքներ չի առաջացնելու»,-ասաց նա, գրում է tert.am-ը:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում այն դեպքերին, երբ իրավախախտը կվերացնի խախտումը տեղում, ինչը հնարավորություն կտա խուսափել տուգանքից: «Օրինակ, տեխնիկական զննության՝ ուժի մեջ գտնվող կտրոնը գտնվում է վարորդի մոտ, սակայն փակցված չէ մեքենայի դիմապակուն, եթե վարորդը տեղում խախտումը կվերացնի, ապա առաջարկում ենք չտուգանել»,-ասաց նա:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև վեց ամսով երկարաձգել վարչական իրավախախտումների տուգանքների նկատմամբ սահմանված համաներումը: Փոփոխություն է մտցվելու նաև կեղծված համարանիշներով կամ առանց սահմանված նմուշի համարանիշերով ավտոմեքենաներ վարելու խնդրի շուրջ: «Բարդացրել ենք կեղծված համարանիշերով մեքենաներ վարելու համար նախատեսված պատասխանատվությունը, պահանջի կրկնակի խախտումից հետո նախատեսվում է զրկել վարորդական իրավունքից։»,-նշեց նախարարը:

Խստացվում է սահմանված պատիժը նաև ալկոհոլ ընդունած վարորդների համար: «Ողբերգական ավարտ ունեցող վթարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեծամասամբ վարորդները լինում են ոչ սթափ վիճակում: Բարձրացնում ենք պատասխանատվությունը, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն, կրկնակի վարչական տուգանքից հետո մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում»,-ասաց նա: Նաև նախատեսվել է վարչական պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ վարորդն ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ է օգտագործել պատահարից հետո՝ մինչև սթափության վիճակի զննություն անցկացնելը, կամ սթափության վիճակի զննությունից վարորդին ազատելու մասին հայտնելը, գրում է Panorama.am-ը:

Փոփոխություն է նախատեսվում նաև տաքսիների վարորդների համար: Նրանք օրենքի փոփոխության դեպքում կկարողանան ուղևորներ իջեցնել կամ վերցնել կայանելու համար չնախատեսված վայրերում, սակայն ընդամենը մեկ րոպեում:

Նախատեսվել է խրախուսական նորմ` իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթը ներկայացնելու դեպքերի համար: Ավելացվել է դրույթ, որով առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու դեպքերում Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչև գործով կայացված որոշման կատարումը:

Միաժամանակ, բացասական եզրակացություն է տրվել պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ անձնական օգտագործման մարդատար մեքենաները տեխզննումից ազատելու առաջարկին:

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը կներկայացվի Ազգային ժողովի արտահերթ նստաշարջանի օրակարգում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---