Լուկաշենկոն հորդորել է ՌԴ-ին և Թուրքիային «վերականգնել լավ հարաբերությունները»

Լուկաշենկոն հորդորել է ՌԴ-ին և Թուրքիային «վերականգնել լավ հարաբերությունները»

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային փոխզիջման գնալ`«գոնե կես քայլ անել միմյանց ընդառաջ» և վերականգնել այն լավ հարաբերությունները, որոնք առկա էին երկրների միջև:

«Սխալներն անխուսափելի են, դրանք ոչ թե խորացնել է պետք, այլ լուծել, զիջումների գնալ ու փոխզիջումների: Դա վերաբերում է նաև վերջին առճակատմանը Ռուսաստանի և Թուրքիայի միջև»,-ասել է Լուկաշենկոն` ելույթ ունենալով չեզոք քաղաքականությանը նվիրված միջազգային կոնֆերանսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ոչ թե ամեն կերպ կրքերը բորբոքել, այլ հնարավորություն գտնել գոնե կես քայլ անել միմյանց ընդառաջ` և խնդիրները կլուծվեն, կվերականգնվեն այն բարի, մոտ հարաբերությունները, որոնք կային այդ ժողովրդների և պետությունների միջև, և անպայման կլինեն»,-ասել է Բելառուսի նախագահը:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը Սիրիայի երկնքում:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Մինչդեռ դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ցանկանում եմ զգուշացնել նրանց, ով կփորձի ինչ-ինչ սադրանքներ կազմակերպել մեր զինծառայողների դեմ: Հարվածային ավիացիայի բոլոր գործողություններն իրականացվում են կործանիչների ուղեկցությամբ: Հրամայված է ծայրահեղ կոշտ գործել: Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---