ԱԺ նախագահը՝ ԱՄՆ դեսպանության հայտարարության մասին. Դա Հռոմի պապը չէ, որպեսզի սրբության տեղ դնենք

ԱԺ նախագահը՝ ԱՄՆ դեսպանության հայտարարության մասին. Դա Հռոմի պապը չէ, որպեսզի սրբության տեղ դնենք

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ անդրադառնալով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան վերջին հայտարարությանը, նշել է, որ իրենք էլ են շահագրգիռ, որ եթե կան խախտումներ, ապա խախտում թույլ տված մարդիկ օրենքի շրջանակներում պատժվեն:

ԱՄՆ դեսպանությունը դեկտեմբերի 14-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս: Առաջիկայի հետ կապված՝ մենք վերահաստատում ենք մեր կոչը ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու մասին և հորդորում ենք նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների՝ մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում»:

«Ես այդ հայտարարության մեջ որևէ նորույթ չեմ տեսնում: Ամեն երկիր, պետություն իր քաղաքական շահն ունի տարբեր երկրներում: Այդ շահերի հետևանքով կարող են հայտարարություններ արվել, որոնք մեզ համար կարող են լինել ընդունելի կամ մերժելի »,- ասել է ԱԺ նախագահը, գրում է Panorama.am-ը:

Մեկ այլ դիտարկմանը, թե ամեն դեպքում ԱՄՆ-ը համարվում է ամենաժողովրդավարական երկրներից մեկը, ԱԺ նախագահը նշեց. «Ես կարծում եմ, որ Զարուհու օրինակով ամենադեմոկրատականը մենք ենք: Եթե Միացյալ Նահանգներում այդպես կրքերը չհանգստացնող ելույթներ լինեն, կարծում եմ, որ պատիժներն ավելին են»:

Պատասխանելով հարցին, թե ԱՄՆ դեսպանությունն իշխանություններին կոչ է անում հանրության մոտ վստահությունը բարձրացնել, ինչո՞ւ այս անգամ իշխանությունները չկարողացան հանրաքվեով բարձրացնել հանրության վստահությունը, Սահակյանն ասել է.

«Մինչև այսօր նախագահական, կիսանախագահական Սահմանադրության ամբողջ պրոցեսներում, ես կարծում եմ, կրքերը հասունանում են այն պատճառով, որ հաղթողն ստանում էր ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Բարեփոխված Սահմանադրության մեջ այդպես չէ. և հաղթողն է ստանում ինչ-որ մի բան, և նաև ընդդիմությունն է ստանում ինչ-որ մի բան»:

Դիտարկմանը, թե ԱՄՆ դեսպանատունը կարող է գրանտների հատկացումը մերժել, Սահակյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ Հայաստանին որևէ մեկն այնքան գրանտներ է տալիս, եթե չտան, շատ մեծ վնասներ կլինի: Այդ գրանտները տրվելու են, դրանք ոչ թե տալիս են մեկ ուղղվածության օգնության, դրանց մեջ նաև քաղաքական ընդերք կա, իսկ քաղաքական ընդերքը երբեք չի պակասում»:

Անդրադառնալով հարցին, թե իշխանությունները մտավախություն չունե՞ն, որ ԱՄՆ-ն Հայաստանի համար «սև ցուցակ» կկազմի և վիզաներ չի տրամադրի, Աժ նախագահն ասել է, որ «մեր ցուցակներն այն ժամանակ Ամերիկան արդեն կազմել էր, էսօր չի ուզում հետ նահանջի: Սև ցուցակները պիտի այն ժամանակվա մեծ աշխարհի բոլոր պետությունների համար կազմեն, որոնք իրենց աչքերը հառած տեսնում էին, թե մի ողջ ժողովրդի ոնց են ոչնչացնում: Պարզապես մենք մեր քաղաքական տրամաբանությամբ, պետության գաղափարախոսությամբ թշնամիներ չենք որոնում, փորձում ենք բարեկամական կապեր ստեղծել բոլոր երկրների հետ: Բայց դա չի նշանակում, որ մենք անզեն զինյալներ ենք, մենք էլ ենք տիրապետում մեր գործիքներին, մեր մոտեցումներին»:

Հարցին, թե Հայաստանի իշխանությունները մտահոգվա՞ծ են ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությամբ, ԱԺ նախագահն ասել է. «Քաղաքական և նաև աշխարհաքաղաքական վիճակի տրամաբանությանը տեղյակ ենք, յուրաքանչյուր հայտարարություն մենք զգում ենք, թե որտեղից է գալիս և ինչի համար է: Այսինքն՝ եթե դեսպանությունները հայտարարում են, դա Հռոմի պապը չէ, որպեսզի սրբության տեղ դնենք: Մենք էլ մեր քաղաքականությունն ունենք: Ինչո՞ւ, օրինակ, չեք ասում, որ այդ նույն դեսպանատունը նաև լավ բաներ էր ասել հանրաքվեի մասին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---