ԼՂՀ ԱԳ նախարար. Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը մարտահրավեր է միջազգային հանրությանը

ԼՂՀ ԱԳ նախարար. Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը մարտահրավեր է միջազգային հանրությանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը բացահայտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մարտահրավեր՝ միջազգային հանրությանը, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում:

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին` Կարեն Միրզոյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը, ինչը թույլ կտա բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից։

Կարեն Միրզոյանը ներկայացրել է 2015 թ. ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքները՝ ուղղված Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, տարբեր երկրների հետ հնարավոր մակարդակներով համագործակցության զարգացմանը, միջազգային գործընթացներում ԼՂՀ ներգրավվածության ապահովմանը, միջազգային ասպարեզում Արցախի շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը:

Անդրադարձ է կատարվել արտասահմանյան տարբեր երկրների և Արցախի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության միջոցով բարեկամական հարաբերությունների ու փոխգործակցության ընդլայնման գործընթացին։ Նշվել է, որ անցնող տարում ոչ միայն ընդլայնվել են Արցախի և օտարերկրյա տարբեր համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակները, այլև դրանք նոր ձև և բովանդակություն են ստացել: Որպես ապակենտրոնացված համագործակցության հաջողված օրինակ, նախարարը անդրադարձել է նաև 2015 թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպված «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնին, որին մասնակցել են քույր քաղաքները ներկայացնող Ֆրանսիայից ժամանած ավելի քան 200 հյուրեր։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է նաև տեղեկատվական ոլորտում իրականացվող աշխատանքները` նշելով, որ ԼՂՀ ԱԳՆ և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունները հետևողական գործունեություն են ծավալում Արցախի Հանրապետության մասին օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն տարածելու ուղղությամբ, այդ թվում նաև՝ մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով։

Կարեն Միրզոյանն անդրադարձել է 2016 թ. ԼՂՀ ԱԳՆ առաջնահերթություններին՝ նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը և ԼՂՀ միջազգային ճանաչումը մնալու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Ադրբեջանը վերջին շրջանում, մասնավորապես՝ Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, կրկին ինտենսիվացրել էր հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում: Շեշտակի աճած գնդակոծություններին, ականանետերի ու նռնականետերի կիրառմանը զուգահեռ, Ադրբեջանը մի քանի դիվերսիոն ներթափանցման փորձեր է կատարել շփման գծի տարբեր ուղղություններում, որոնց հետևանքով երկու կողմերը կրել են զոհեր:

Բացի այդ, Ադրբեջանը զինադադարից առաջին անգամ սկսել է տանկեր կիրառել. դեկտեմբերի 13-19 ընթացքում գրանցվել է երեք նման դեպք, իսկ դեկտեմբերի 20-21-ին Հադրութի ուղղությամբ կիրառվել է 122-մմ հաուբից-հրանոթ:

Վերջին երկու օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը դեկտեմբերի 25-ին կրկին խախտվել է ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ: Ժամը 13:00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997-ին ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---