Սիրիայի բանակը կարևոր ռազմակայան է գրավել երկրի հարավում

Սիրիայի բանակը կարևոր ռազմակայան է գրավել երկրի հարավում

PanARMENIAN.Net - Ինչպես կառավարական, այնպեսլ էլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ Սիրիայի բանակին հաջողվել է դուրս մղել ապստամբներին երկրի հարավում գտնվող Դերա գավառի առանցքային ռազմակայանից և հսկողություն հաստատել գավառի մայրաքաղաք Դերաայի հյուսիսային մասում, հայտնում է AP-ին:

Ազատագրված ռազմակայանը գտնվում է Շեյխ ալ Մաքսեն քաղաքում՝ Դամասկոսից 90 կմ հեռավորության վրա՝ Հորդանանի հետ սահմանից ոչ հեռու: Սիրիական բանակը նահանջել էր այնտեղից նախորդ տարվա հունվարին:

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդուրահմանը հայտարարել է, որ ռազմակայանի ու բնակավայրերի գրավումը Դերա գավառում շատ կարևոր է նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ամրապնդման համար, քանի որ այժմ Դամասկոսն ու Դերան կապող ճանապարհը կառավարական բանակի հսկողության տակ է առնվել:

Ըստ Աբդուրահմանի, մարտերը գավառում սկսվել էին նախօրեին: Կառավարական զորքերին սատարում էին Իրանի զինվորականները, լիբանանյան Հեզբոլլահ շարժումը, ինչպես նաև սիրիական և ռուսական ավիացիայի ինքնաթիռները, որոնք մոտ 80 ավիահարված են հասցրել, ասել է Աբդուրահմանը:

Սիրիական ընդդիմության ակտիվիստ Ահմադ ալ Մասալմեհն իր հերթին հայտնել է, որ ռազմակայանի համար մարտերում Ասադի ուժերը գրավել են ռազմակայանի մեծ մասը, սակայն ամբողջությամբ չեն գրավել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակը ՌԴ օդուժի աջակցությամբ սեղմում է շրջափակման օղակը Դամասկոսի արվարձաններում: «Դամասկոսի մատույցներում կառավարական ուժերը հսկողություն են հաստատել Մարջ-Սուլթան բնակավայրում և շարունակում են նախահարձակ գործողությունները` սեղմելով շրջափակման օղակը ապօրինի զինված կազմավորումների շուրջ Նաշաբաի, Նուլա, Դումա, Զիբիդին ուղղություններով»,-ասել է Ռուդսկոյը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---