Էներգետիկայի նախարար. ՌԴ-ն պատրաստ է վերսկսել «Թուրքական հոսք»-ի շուրջ բանակցությունները

Էներգետիկայի նախարար. ՌԴ-ն պատրաստ է վերսկսել «Թուրքական հոսք»-ի շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է վերսկսել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ բանակցությունները պաշտոնական Անկարայի հետ: Այս մասին մոսկովյան LifeNews հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Թուրքական հոսք»-ի երթուղու շուրջ բանակցությունները չեն վերսկսվել: Դրանք դադարեցվել են դեռ ամռանը, երբ մենք համաձայնագրի նախագծի մեր տարբերակն ուղարկեցինք թուրք գործընկերներին: Բանակցությունները, սակայն, դադարեցվեցին Թուրքիայում կայուն հիմունքներով գործող կառավարության բացակայության պատճառով: Այժմ արդեն նման կառավարություն ձևավորվել է, ուստի եթե [թուրքական կողմից] նման շահագրգռվածություն լինի, մենք կշարունակենք բանակցությունները», - հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռոդիոկայանը:

Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ «Թուրքական հոսք» գազատարը պետք է սկիզբ առներ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մերձակայքում գտնվող «Ռուսկայա» կոմպրեսորային կայանից, հետագայում անցնելով Սև ծովի հատակով և թուրքական ափ դուրս գալով Քայաքյոյ բնակավայրի մոտ: Գազատարի ցամաքային հատվածի ընդհանուր երկարությունը պետք է կազմեր 180 կիլոմետր: Հատելով Թուրքիայի ամբողջ եվրոպական հատվածը՝ այն դուրս էր գալու Հունաստանին սահմանակից շրջան` Էփսիլի քաղաքի մոտ: Նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի կործանումից հետո, սակայն, Անկարայի և Մոսկվայի միջև իրականացվող բոլոր երկկողմ ծրագրերի, այդ թվում՝ «Թուրքական հոսք»-ի շուրջ աշխատանքները դադարեցվեցին:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարը, այդուհանդերձ, հույս ունի, որ առաջիկայում խողովակաշարի կառուցմանը խոչընդոտող քաղաքական արգելքները հնարավոր կլինի հաղթահարել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---